Գլխավոր Լրահոս

«ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի»․ դատարանը կգնահատի Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

«ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի»․ դատարանը կգնահատի Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

Գևորգ Թոսունյան

Հոկտեմբերի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակեց «Սիվիլիթաս» հիմնադրամն («ՍիվիլՆեթ» լրատվամիջոց) ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով դատական նիստը։ Քննարկման առանցքում Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ)՝ հօգուտ «ՍիվիլՆեթի» կայացրած եզրակացությունն էր։

Դատական նիստին Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը շարունակեց պնդել, որ այդ եզրակացությունը չի կարող հիմք ընդունվել։ «Նշված ապացույցով, ըստ էության, չի հաստատվում՝ արդյոք ստորագրած անձինք հանդիսանում են խորհրդի անդամ, թե ոչ, կամ առհասարակ իրենց գործունեության վերաբերյալ փաստացի մեր գործում տվյալներ չկան, թե ինչով է պայմանավորված իրենց եզրակացությունը, եթե մասնագիտական եզրակացություն է, եթե փորձագետ են, համապատասխան ապացույց չկա, որ մենք գնահատենք»,- ասաց փաստաբանը։

Դատավորն էլ նշեց, որ եզրափակիչ ակտով գնահատական կտա այդ փաստաթղթին։ Այս նիստին դատաքննությունը համարվեց նախապատրաստված։ Այն նշանակվեց դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ին։

«ՍիվիլՆեթի» ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը նախորդ նիստին էր միջնորդել գործին որպես ապացույց կցել խորհրդի մասնագիտական կարծիքը, որը, ըստ նրա, հաստատում է, որ Տիգրան Ավինյանի վիճահարույց արտահայտությունը թիրախավորել է հենց ՍիվիլՆեթը։ Տոնոյանը նաև նշել էր, որ ՏՎԽ-ն գործում է որպես «Amicus curiae» («դատարանի ընկեր»), որի նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը և անձի արժանապատվությունը՝ տրամադրելով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ։

«Կան մի շարք դատական ակտեր, որոնցով հենց դատարաններն էլ օգտագործել են ՏՎԽ-ի կարծիքները, նաև Եվրոպական դատարանի վճիռներում կա մեկ-երկու գործ, որտեղ մեջբերվել են նույն խորհրդի կարծիքները»,- նշել էր Տոնոյանը։

Ավելի վաղ՝ մայիսի 6-ին, Ավինյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարել էր, որ քաղաքապետի՝ «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին ուղղված չի եղել, այլ ընդհանրական գնահատական է եղել։

Հայցերն ու պահանջները

ՍիվիլՆեթն այս գործով դատարանին խնդրում է Տիգրան Ավինյանին պարտավորեցնել «Ֆակտորի» ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել վերոնշյալ արտահայտության համար և հեռուստաընկերության կայքում հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը։

Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

ՍիվիլՆեթի հետաքննական հոդվածի համար էլ Տիգրան Ավինյանը դատական հայցով պահանջում է հերքում և 3 մլն դրամ։ Ավինյանի հայցը Սիվիլիթասի դեմ նախորդել է Սիվիլիթասի հայցին նրա դեմ։

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021 թթ., երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը:

Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում