Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել է Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանում։
Ըստ նույն աղբյուրի՝ Մկրտիչ եպիսկոպոսը տարվել է քննչական բաժին։
ՍիվիլՆեթը փորձեց մանրամասներ ճշտել Քննչական կոմիտեից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին:
Փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի ևս 5 հոգևորական: Նրանց բնակարաններում խուզարկություն է իրականացվել:
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով», - գրել է փաստաբանը:
Բերման են ենթարկվել՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները:
***
Հայաստանում վերջին ամիսներին նկատելիորեն սրվել է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարվածությունը։ Ձերբակալվել և կալանավորվել են Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ՝ իշխանության զավթման փորձի, զանգվածային անկարգությունների հրահրման և ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքներով։
Կալանավորվել են Շիրակի թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Բագրատ Գալստանյանին ներկայացվել են մի շարք մեղադրանքներ՝ ներառյալ ահաբեկչություն նախապատրաստելը, զանգվածային անկարգությունների կազմակերպումը եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելը։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է նախաքննության ընթացքում՝ նախապես երկու ամսով, որից հետո կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Նրա պաշտպանական կողմը պնդում է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ եւ հիմնված է անհիմն փաստերի վրա։
Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ հրապարակային կոչերի միջոցով սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով։ Դատարանը գնահատել է, որ նրա ելույթները խախտել են երկրի սահմանադրական կարգը։
Civilnet











