Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է՝ քրեական գործի շրջանակում, և առաջիկայում քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ նրան կալանավորելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է ներկայացվել, հիմքը Դանիել Իոանիսյանի ներկայացրած դիմումն է»,- ասաց փաստաբանը, չցանկանալով նշել, թե որ հոդվածով է ներկայացվել մեղադրանքը:
Փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունն իրականացվել է հոկտեմբերի 15-ին առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, սակայն մինչ այդ, ժամը 07:00-ի սահմաններում, արդեն իսկ նրա բնակարանում կատարվել է խուզարկություն։
Այսօր վաղ առավոտից փաստաբաններն ահազանգել էին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բնակարանի խուզարկությունից հետո նա խուզարկող քննիչի հետ դուրս է եկել տանից և նրա գտնվելու վայրը մի քանի ժամ հայտնի չէր:
«Դա աննախադեպ բան էր։ Այսպիսի բան երբեք չեք լսել, որ այսքան հոգևորականի բերման ենթարկեն, այսքան ժամ պահեն և բարձրաստիճան հոգևորականի տեղը թաքցնեն։ Մեր աղաղակումից հետո միայն տեղը հայտնեցին։ Իրենք էլ սահմանափակված են՝ պետք է 12 ժամում կալանքի միջնորդություն ներկայացնեն։ Շատ քիչ ժամանակ ունեին, և չեմ կարծում, թե ցանկության դեպքում էլ կկարողանային ավել պահել։ Թե չէ, երևի կձգեին», - ասաց Զոհրաբյանը։
***
Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոգևորականները բերման են ենթարկվել՝ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։
Civilnet











