Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 30 օրով։ Դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
«Դատարանը այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն նորը և նախկինը պայմանականորեն, երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին՝ պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ՝ կա՛մ ավարտեք գործն ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- ասել է Վարդևանյանը։
***
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել Կարապետյանի մեղադրանքին․
«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»։
Civilnet











