Ադրբեջանը 2027-2029 թթ․ համար նախատեսում է պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի մասնաբաժինը ընդհանուր բյուջեի ծախսերում նվազեցնել։
Եթե 2026-ի պետական բյուջեով պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղվում է ընդհանուր ծախսերի 20,9 տոկոսը (մոտ 5,12 մլրդ դոլար), ապա 2027-2029 թվականներին հատկացումները կնվազեն մինչև 18,4 տոկոս։ Այս թվերը հրապարակել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը՝ «2026-2029 թթ․ համար նախատեսված միջնաժամկետ ծախսերի մասին» ծրագրում։
Նման հեռանկարի պարագայում պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսված ծախսերի տեսակարար կշիռն այլևս ամենաբարձրը չի լինի Ադրբեջանի պետական բյուջեում և փոքր-ինչ կզիջի «տնտեսական ակտիվությանը» հատկացվող մասնաբաժնին։ Վերջին ոլորտի համար 2026-ի պետական բյուջեով նախատեսված է հատկացնել ընդհանուր ծախսերի 18,8 տոկոսը, իսկ հաջորդ տարիների համար այդ ցուցանիշը նվազելու է ընդամենը 0,1 տոկոսով՝ հասնելով 18,7 տոկոսի։
Ադրբեջանը սահմանել է 2027-2029 թթ․ պետական բյուջեի հատկացումները։ 2027-ին պաշտպաննությանն ու ազգային անվտանգությանը կուղղվի շուրջ 4,85 մլրդ դոլար՝ 2026-ի 5,12 մլրդ-ի փոխարեն։ 2028-ին հատկացումներն աննշան կավելանան՝ հասնելով 4,86 միլիարդի, իսկ 2029-ին կրկին կնվազեն մինչև մոտ 4,68 մլրդ դոլար։
Ադրբեջանը 2026-ի պետական բյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2025-ի համեմատությամբ ավելացրել է շուրջ 3,8 տոկոսով։ 2025-ին նախատեսված պաշտպանական ծախսերը, որոնք ի սկզբանե՝ 2024-ի սեպտեմբերի կանխատեսմամբ, կազմել էին մոտ 3,9 մլրդ դոլար, այդ տարվա նոյեմբերին արված հավելյալ հատկացումից հետո կազմել են մոտ 4,9 մլրդ դոլար։ 2026-2029 թթ․ պաշտպանության ու ազգային անվտանգությանն ուղղված պետական բյուջեի հատկացումները նախնական են և կարող են փոփոխվել։
Համեմատության համար, Հայաստանի կառավարությունը 2026-ին պաշտպանական ծախսերին ուղղելու է մոտ 1,46 մլրդ դոլար, իսկ 2025-ի համար նախատեսել էր մոտ 1,7 միլիարդ դոլար։
Civilnet











