Գլխավոր Լրահոս

Կալանքի չարաշահումը կարող է վնասել արդարադատության նկատմամբ վստահությունը․ ՄԻՊ-ն արձագանքել է փաստաբանի կալանավորմանը

Կալանքի չարաշահումը կարող է վնասել արդարադատության նկատմամբ վստահությունը․ ՄԻՊ-ն արձագանքել է փաստաբանի կալանավորմանը

Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները և կալանքը։ Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։ Պաշտպանը նշվում է, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 16-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում հրապարակային խոսքի համար: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաբանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է բարձրաձայնել մասնագիտական տարբեր համայնքների, այդ թվում` փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ հրապարակային խոսքի օգտագործման լայն ծավալների մասին՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքների համար պետք է ոչ թե պարզապես սահմանվեն էթիկայի ու վարքագծի կանոններ, այլ դրանք պետք է հետևողականորեն կիրառվեն: Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում առկա են լրջագույն խնդիրներ, քանի որ լայն ծավալով տարածվող` էթիկայի ու վարքագծի կանոններին և մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին հակասող խոսքի համար գրեթե չեն կիրառվում համայնքների ներսում գործող կարգապահական պատասխանատվության նախատեսված կառուցակարգերը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամենածանր տեսակների և ծանրակշիրռ հիմնավորումների առկայության պայմաններում կարող է վրա հասնել քրեական պատասխանատվություն, առավել ևս` անձի նկատմամբ կիրառվել ազատությունից զրկելու ձևով խափանման միջոց կամ պատիժ:

Ուստի Պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները այն պայմաններում, երբ հանրությանը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանր հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից: Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ:

«Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Այս համատեքստում Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է նշված հարցի քննարկում, Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացնում քրեակատարողական հիմնարկ՝ փաստաբանին տեսակցելու և վերջինիս հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում