Մի խումբ հասարակական կազմակերպություններ և փորձագետներ «խստորեն դատապարտում են վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով»։
Տարածված հայտարարությունում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին Forrights.am կայքում, նշվում է, որ հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։
«Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ՝ լռեցնելու հակադիր, քննադատական և անցանկալի խոսքը»,- ասված է հայտարարությունում։
Հոկտեմբերի 16-ին հաղորդվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության ապա մեղադրանքի առաջադրման համար, քանի որ նա Ֆեյսբուքում ընդհանրական քննադատակն գրառում էր արել իրավապահների հասցեին։ Սոցիալական հարթակում տարածված տեսանյութում երևում էր, որ փաստաբանի ձերբակալումն ուղեկցվել է նրա նկատմամբ անհարկի ուժի գործադրմամբ և նրան գետնին տապալելով՝ նվաստացնելով նրա արժանապատվությունը և ենթադրաբար պատժելով գրառման համար։ Ավելին, փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամիս տևողությամբ կալանքը։
«Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին»,- նշվում է ՀԿ-ների և փորձագետների հայտարարությունում։
Հայտարարությունը ստորագրողներն նշում են, որ անհամաչափ ընտրված պատիժը նշված միջամտությունը դարձնում է կամայական և ընդգծում, որ նման դրսևորումներից է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կալանավորումն ու ազատազրկման ձևով պատժի դատապարտումը խոսքի արտահայտման համար այն պայմաններում, երբ նույն խոսքը քրեական հետապնդման մարմինների կողմից նախկինում գնահատվել էր որպես քրեորեն ոչ հետապնդելի։
«Նույն մտահոգությունն է առաջացնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիմքով բացառապես ենթադրությունների վրա հիմնված և առերևույթ քաղաքական նկատառումներով հրահանգավորված քրեական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ ու նրա շարունակական կալանքը։
Հատկանշական է, որ 2020-ից մինչ օրս կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հիմքով քրեական գործերի հարուցումը, այդ թվում՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ արտահայտվելու իրավունքի ոչ իրավաչափ միջամտության մեկ այլ աղաղակող օրինակ է 2020-ի Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը, որը նպատակ ունի ազդել Արսեն Ղուկասյանի կողմից իր բողոքն արտահայտելու և հավաքների մասնակցելու իրավունքի իրացման վրա, ավելին՝ զսպիչ գործոն լինելու անհայտ կորած այլ զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ՝ ազդելով նրանց կողմից իշխանություններին ներկայացվող իրավաչափ պահանջների և քննադատության արտահայտման իրավունքի վրա։
«Նման պրակտիկան խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա»։
Հայտարարության հեղինակները պահանջում են՝
- Հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց և քրեական վարույթներով ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը խախտող խոսույթից,
- Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը,
- Պատշաճ ջանասիրություն ցուցաբերել ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում,
- Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ վերագրվող արարքների որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,
- Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։
Հայտարարությունը ստորագրել են.
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
ՄԻՏՔ ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ
Civilnet











