Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հաղորդագրության մեջ նշված է․ «Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ»։
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Գյումրիի համայնքապետարանում։ Քաղաքապետարանի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ և ոստիկաններ էին հավաքվել։ Նրանց միջև պարբերաբար իրավիճակը լարվում էր։
Համայնքապետ Վարդան Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Իրավապահները Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքապետարանի շենքի ետնամուտքից դուրս են բերել և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ղուկասյանի փաստաբանը հայտնել է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ներկայացվելու է կալանքը։
Civilnet











