Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028-ի վերջը. հոկտեմբերի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանի տարածքում բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա կեսերին։ Հույս ունենք, որ մյուս երկրների տարածքներում էլ գործընթացները արագորեն կընթանան, և Զանգեզուրի միջանցքի բացումն էլ տեղի կունենա մինչև 2028-ի վերջեր», - նշել է Ալիևը Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի համատեքստում։
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Երևանի ու Բաքվի փոխհարաբերություններին, հայտարարել է, որ կողմերի միջև խաղաղության շրջափուլ է հաստատվել և մեծապես կարևորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումն այդ գործում։
«Այսօր նոր շրջափուլ է հաստատվում, ես անգամ կասեի հաստատվել է նոր՝ խաղաղության շրջափուլ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Վերջին բախումներից երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի նախաստորագրման հասնելը վկայում է կողմերի քաղաքական կամքի բավական բարձր մակարդակի մասին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն իր խոսքում մեծ կարևորություն է տվել հաղորդակցությունների ապաշրջափակման մասին օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններին, հայտարարելով, որ «TRIPP-ն անպայմանորեն իրագործվելու է»։
Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պետական այցը Ղազախստան։ Հիմնական հանդիպումները մեկնարկել են այսօր երկու նախագահների հանդիպմամբ։
Civilnet











