Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը, որով նախատեսվում է հանրային մուլտիպլեքսում հեռարձակողների նվազագույն թիվը երեքից կրճատել մինչև երկու։
Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը։
Նախագծի ընդունման դեպքում «Շողակաթ» հեռուստաընկերությունը կզրկվի հանրային մուլտիպլեքսում ընդգրկված լինելու իրավունքից։ Փոփոխությունը նաև վերացնում է կրթական և մշակութային բովանդակության պարտադիր պահանջը հանրային հեռարձակողների համար։
Օրինագիծը հեղինակել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Վերջինս նշել է, որ նախկինում պետությունը «Շողակաթ»-ի հետ առանց մրցույթի՝ մեկ անձից գնումների եղանակով, կնքել է շուրջ 3 մլրդ դրամի պայմանագրեր։ Նրա խոսքով՝ այս միջոցները կարող են առավել նպատակային բաշխվել մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով մրցակցային հավասար պայմաններ։
Նախագծի հեղինակները պնդում են, որ փոփոխությունները կնպաստեն մեդիա դաշտում բովանդակության բազմազանության և ֆինանսական բաշխման թափանցիկության բարձրացմանը։
Օրինագիծը ներկայացվել է Ազգային ժողով իշխանություն-եկեղեցի լարված հարաբերությունների խորացման ֆոնին։
Civilnet











