Գլխավոր Լրահոս

Փաստաբանները պահանջեցին ապահովել Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը. «Սրբազան պայքարի» գործը

Փաստաբանները պահանջեցին ապահովել Ալեքսանդր Կոչուբաևի ներկայությունը. «Սրբազան պայքարի» գործը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 անձանց գործով հոկտեմբերի 23-ի դատական նիստի մեկնարկին հայտնի դարձավ, որ Աղվան Արշակյանը դատարան չի տեղափոխվել՝ առողջական վիճակի վատացման պատճառով, ինչը պայմանավորված է պրոբացիոն ծառայության գործոններով։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս գործով 18 մեղադրյալներից մեկը՝ Արմեն Ալեքսանյանը, չի ցանկանում օգտվել այլ փաստաբանների ծառայություններից, և դատարանը որևէ իրավական կամ այլ խոչընդոտ չունի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ներկայության համար։ Այս գործով Արմեն Ալեքսանյանի պաշտպանը Ալեքսանդր Կոչուբաևն է։ Մյուս փաստաբանները միացան Ռուբեն Մելիքյանի պահանջին։ 

Դատավոր Կարեն Ֆարխոյանը, նշելով, որ դատարանը դեռ որոշում չի ընդունել Կոչուբաևին գործընթացից հեռացնելու վերաբերյալ, միջնորդությունը հետաձգեց և նիստը նշանակեց հաջորդ հինգշաբթի։ Քանի որ Ալեքսանյանը փաստաբան չունի, դատարանը նախատեսում է դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրան պաշտպան տրամադրելու նպատակով։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված վարույթի շրջանակում՝ դատավորների, դատախազների և քննիչների վերաբերյալ վիրավորական և արատավորող տեղեկություն հրապարակելու համար։ Հոկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատը հայտարարեց, որ Կոչուբաևի փաստաբանական գործունեությունը և նրան վերագրվող գործողությունները հաշվի առնելով՝ կիրառված դատավարական միջոցները անհամաչափ և ոչ անհրաժեշտ են, իսկ նրա անձնական գույքի՝ գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը հնարավոր է դիտարկել որպես վիրավորական միջամտություն։

***

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում