Գլխավոր Լրահոս

Վաղարշապատ. ինչ կուսակցություններ և ովքեր են մասնակցում համայնքային ընտրություններին

Վաղարշապատ. ինչ կուսակցություններ և ովքեր են մասնակցում համայնքային ընտրություններին

Ժաննա Ավագյան

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքը ղեկավար կընտրի։ Նախկին համայնքապետը՝ Դիանա Գասպարյանը, հրաժարականի դիմում էր ներկացրել մայիսի 15-ին։ Մարտին, հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանը գնման պայմանագիր էր կնքել նրա սկեսրայրի հետ, ինչի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ 

Վաղարշապատը խոշորացվել է երկու անգամ։ 2021-ին  համայնքը բաղկացած էր Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից, իսկ 2025-ի խոշորացման արդյունքում համայնքի կազմում է նաև Խոյը՝ 17 բնակավայրով։ 

Վաղարշապատի ավագանու ընտրություններում գրանցվել է ութ քաղաքական ուժ.

  •  «Հայրենիք» կուսակցություն,
  •  «Հաղթանակ» դաշինք՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, 
  • «Քաղաքացիական պայմանագիր», 
  • «Ազատ դեմոկրատներ», 
  • «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն,
  •  «Ժառանգություն»,
  •  «Հանրապետություն»,
  •  «Համահայկական ճակատ»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, որն այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։  2021-ի ավագանու ընտրություններից հետո նա Խոյ համայնքի ղեկավարն էր, ապա 2024-ի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ  նշանակվել էր Արմավիրի մարզպետ։

Ընտրապայքարում են նաև Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստանի» Գրիշա Հարությունյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը; պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունից Արտյոմ Սիմոնյանը; «Հայրենիք» կուսակցությունից  գրող Խաչիկ Մանուկյանը; «Հանրապետություն» կուսակցությունից Հարություն Մկրտչյանը; «Ազգային առաջընթաց»-ից Մովսես Մարտիրոսյանը; «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Վահրամ Ազատյանը։

էջմիածնում իշխանության հիմնական մրցակից համարվում է «Հաղթանակ» դաշինքը: Ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը, որը նախորդ ընտրություններում ձայների 36,52 տոկոսն էր ստացել։ Խաչատրյանը տտեսագետ է, եղել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորը։ 

Ամենախոշոր ընտրացուցակները ներկայացրել են «Հաղթանակ» դաշինքը՝ 99 հոգի, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 85։ 

Մյուս կուսակցությունների ցուցակներում միջինը 30-35 անուն կա, «Ազգային առաջընթաց»-ում՝ 11, «Հանրապետություն»-ում՝ 22, «Ժառանգություն»-ում՝ 19։

Նախընտրական ընթացքը

Ըստ ԿԸՀ կայքի տվյալների՝ ընտրապայքարի մասնակիցներից մի քանիսը չեն ներկայացրել նախընտրական ծրագրեր։

Հոկտեմբերի 22-ին մեկնարկել է քարոզարշավը, որն արդեն ուղեկցվում է խախտումներով։ Դիտորդներն ու լրատվամիջոցները արձանագրել են վարչական ռեսուրսի օգտագործման և արգելված վայրերում պաստառների փակցնման դեպքեր։

«Հետքը» պարզել է, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ ներգրավված են քարոզչության մեջ, ինչն օրենքով արգելված է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը պետք է գործի անկախ և չներկայացնի իրեն նշանակած ուժին։ Սակայն կուսակցության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում ակտիվ տարածում են իրենց թեկնածուների նյութերը։

Նման վարքագիծը նկատվում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդել է Վաղարշապատում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին։

Ըստ ՀԿ-ի՝ հոկտեմբերի 21-ին Դողս գյուղում ՔՊ կուսակցության մի քանի թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ընթացքում համայնքի բնակիչներին բաժանվել են նվերներ։ Նշվածը, ըստ ՀԿ-ի, պարունակում է ընտրակաշառքի հատկանիշներ, ինչը քրեորեն հետապնդելի է։

***

Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ընտրողների թիվը, վերջին թարմացմամբ, 70,022 է։

Այս համայնքում 2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ  ընտրությունների արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր ձայների 54 տոկոսը,  «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը 36,52 տոկոսը, իսկ «Հայրենատէր» կուսակցությունը՝ 5 տոկոսը: 

Վաղարշապատ համայնքում անցկացված ՏԻՄ համամասնական ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քանի 25 տոկոսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում