Դիտորդները Վաղարշապատի ընտրություններում թափանցիկության խախտումներ են արձանագրում

Սիրանուշ Ադամյան
«Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրել է, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում (Էջմիածին) կայանալիք համայնքային ընտրություններին նախորդող շրջանում չեն ապահովվել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության պահանջները։
Ըստ առաքելության հաղորդագրության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պարտավոր էր հոկտեմբերի 20-ին և 23-ին հրապարակել ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկանքներ, սակայն դրանք մինչ օրս չեն հրապարակվել։ ԿԿՀ-ն դիտորդների հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ բանկերը տվյալներ հանձնաժողովին չեն ներկայացրել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հերթին երեկ հաղորդել էր Վաղարշապատում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հնարավոր ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին։
Ըստ ՀԿ-ի՝ հոկտեմբերի 21-ին Դողս գյուղում ՔՊ կուսակցության մի քանի թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի ընթացքում համայնքի բնակիչներին բաժանվել են նվերներ։ Նշվածը, ըստ ՀԿ-ի, պարունակում է ընտրակաշառքի հատկանիշներ, որոնք արգելվում են ՀՀ քրեական օրենսգրքով։
Բացի այդ, արձանագրվել է կոմունալ ծառայողների ներգրավում կուսակցության քարոզարշավում՝ աշխատանքային ժամերին և համայնքային տեխնիկայի օգտագործմամբ։ ՀԿ-ն այս փաստերի վերաբերյալ հանցագործության հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազություն և դիմելու է ԿԸՀ՝ վարչական վարույթ հարուցելու պահանջով։
Վաղարշապատի ավագանու ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 16-ին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մասնակցության հայտ է ներկայացրել ութ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Հաղթանակ» դաշինք («Առաջ» և ՀՅԴ» կուսակցություններով), «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները։
Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մայիսից՝ նախկին քաղաքապետ Դիանա Գրիգորյանի հրաժարականից հետո, ինչը հաջորդել էր կոռուպցիոն բացահայտումներին։
Civilnet










