Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ժամանակի հարց է, քանի որ այժմ էական խոչընդոտ չկա։ Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանը Թուրքիայի հետ դրական երկխոսություն ունի։
Թուրքիայի հետ հարաբերությունների մասին Փաշինյանը խոսել է Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ:
«Թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց է և այլ խնդիր, բայց ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական համագործակցություն, քաղաքական համագործակցություն, և կլինենք նորմալ հարևաններ։ Ես հավատում եմ որ այդ պահը մոտենում է, և այդ պահը կգա շուտով, բայց թե ստույգ երբ ես չեմ կարող ասել հիմա»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ սահմանափակումների վերացմանը, վարչապետը նշեց, որ Հայաստանն էլ պատրաստ է Ադրբեջանի համար բացել հաղորդակցության ուղիները դեպի Թուրքիա։
«Ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար, ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շահագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար»,- ասաց Փաշինյանը։
***
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:
Civilnet











