Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը գնահատվում է 800 մլրդ դրամ. նախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 մլրդ դրամ։ Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ Նախարարը շեշտել է, որ ծավալի իմաստով «երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր»։
«Մենք նաև ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ՝ փորձելու լուծել այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու շրջանակներում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս ծրագրից»,- ասել է նախարարը։
Թորոսյանը ներկայացրել է նաև ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ մինչև հոկտեմբերի 30-ը ծրագրի շրջանակներում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք (12826 անձ), որից 1210-ն արդեն իրացրել է իր հավաստագրերը և բնակվում է սեփական տներում։ Նա հավելել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ։
Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության նիստում ընդունվել են փոփոխություններ՝ ծրագրի բարելավման նպատակով։
- Շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռով ճանաչված են անհայտ բացակայող։
- Շահառու ընտանիքի այն անդամները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 10-ը անչափահաս են եղել, սակայն դիմելու պահին լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում կարող են ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։
- Միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը երկուսի փոխարեն սահմանվել է մեկ (եթե խոսքը վերաբերում է 2022-ի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին)։
«Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ ծրագիրը բարեհաջող ընթանում է»,- նշել է Թորոսյանը։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










