Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ում երկաթգծի շինարարության ընթացքից տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին։
«Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում է ավարտին։ Ադրբեջանը տեղում բարդ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապ հաստատելու համար», - գրել է Հաջիևը։
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարում օգտագործել « Զանգեզուրի միջանցք» եզրույթը, ինչն անընդունելի ձևակերպում է Հայաստանի համար: Պաշտոնական Երևանն այս ձևակերպումն ընկալում է որպես տարածքային նկրտում Հայաստանի սուվերենության նկատմամբ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմին չկա ո՛չ վաշինգտոնյան, ո՛չ այլ բանակցություններում:
«Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի կողմից, դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ ամբիոնից էլ Փաշինյանը հայտարարել է. «Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք։ Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Թեման եկեք համարենք փակված»:
Civilnet











