Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի գահընկեցությունից մինչև վարչապետի հրաժարական․ կանխատեսումներն ու իրականությունը

Կաթողիկոսի գահընկեցությունից մինչև վարչապետի հրաժարական․ կանխատեսումներն ու իրականությունը

«Կաթողիկոսը իր գահակալության օրը գահընկեց կարվի», «Անահիտ Ավանեսյանը շուտով հրաժարական կտա», «առաջիկայում արտահերթ ընտրություններ կլինեն»․ այս կանխատեսումները վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում էին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։

Լրատվամիջոցները, քաղաքական և հանրային գործիչները, հղում անելով իրենց «վստահելի» աղբյուրներին, հրապարակում են աշխարհացունց կանխատեսումներ ու «հավաստի լուրեր», որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չեն դառնում։

#CivilNetCheck-ն ամփոփել է վերջին ամիսների ամենաքննարկված կանխատեսումները և դրանց իրական ընթացքը։

«Կաթողիկոսին գահընկեց են անելու հոկտեմբերի 27-ին»

«Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 17-ին, գրել էր, թե  Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն իր գահակալության օրը գահընկեց կարվի։

«Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել»,- գրել էր կայքը՝ հղում անելով «իշխանական շրջանակներից փոխանցված տեղեկությանը» և չբացառելով անգամ «առանց վարանելու եկեղեցի ներխուժելը»։ 

Հոկտեմբերի 27-ն անցավ, սակայն  Գարեգին Բ-ն շարունակում է մնալ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Թեման, պայմանավորված իշխանության՝ Գարեգին Բ-ի դեմ սկսված գործընթացներով, ամիսներ շարունակ ակտիվ քննարկվում է։ 

Դեռ ամռան սկզբից տարբեր գործիչներ պնդում էին, թե կաթողիկոսը պատրաստվում է հրաժարական տալ։ Օրինակ՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանը դեռևս հուլիսի 24-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում, հստակ ժամկետներ չնշելով, պնդել էր. «Կաթողիկոսը հրաժարական կտա, կամ վեհարանից դուրս կգա: [...] Եվ մենք կունենանք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի, որն առաջին անգամ իսկապես կապրի և կաշխատի պետության հետ»,- ասել է Շիրինյանը: 

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Euromedia 24-ի տաղավարում նշել էր, որ մեծ հավանականությամբ կաթողիկոսը հրաժարական է տալու, այն էլ՝  Ռուսաստանի ճնշման ներքո։ 

Գարեգին Երկրորդը (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան) կաթողիկոս է ընտրվել 1999-ի հոկտեմբերի 27-ին։ Կաթողիկոսն ընտրվում է  Ազգային-եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսին իր ֆեյսբուքյան էջում պահանջել էր կաթողիկոսի հրաժարականը՝ նրան մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։

«Կտրիճ  Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը՝ վեհի»,- գրել է Փաշինյանը։

Լուսանկարում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Կաթողիկոսի գահակալության նախորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Փաշինյանը Հովանավանքում մասնակցեց պատարագին, որը մատուցում էր կարգալույծ հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան)։ Սակայն ոչ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրը որևէ գործողություն չիրականացվեց նրա գահընկեցման ուղղությամբ։

Այսպիսով, «Ժողովուրդի»՝ իշխանական «շրջանակներից փոխանցված» տեղեկությունը, սխալ դուրս եկավ։ Եվ չնայած բազմաթիվ կանխատեսումներին՝ կաթողիկոսը հոկտեմբերի 30-ի դրությամբ հրաժարական չի տվել։   

«Անահիտ Ավանեսյանին փոխարինելու են Նարեկ Մանուկյանով»

Ըստ կանխատեսումների՝ արդեն «գահընկեց» արված պետք է լիներ ոչ միայն կաթողիկոսը, այլև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  «Իրավունք» թերթը մարտի 21-ին գրել էր, թե «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկի համատեքստում վարչապետը որոշել է կառավարությունում փոփոխություններ անել՝ աղմուկը մեղմելու նպատակով։

«Շուտով գահընկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը»,- գրել է թերթը։

Նախարար Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել։ Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի արդեն նախկին տնօրեն  Նարեկ Մանուկյանը «Իրավունքի» կանխատեսումից միայն ամիսներ անց՝ օգոստոսին, աշխատանքից ազատման դիմում գրեց, սակայն չփոխարինեց Ավանեսյանին նախարարի պաշտոնում։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը

«Փաշինյանը կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տարվա սկզբին՝ հունվարի 15-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին»։ 

Սակայն Վանեցյանի կանխատեսումը չիրականացավ․ ամիսներ անց Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն չի արվել։

Այնուամենայնիվ, 2024-ին Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «գործնականում սառեցված է»։ Իսկ 2025-ի հուլիսին վարչապետը հայտնեց, որ ավելի հավանական է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, քան անդամակցության ապասառեցումը։

«Փաշինյանը հրաժարական կտա, Բելառուսում դեսպանը կնշանակվի Ուկրաինայում»

Armlur.am-ը փետրվարի 13-ին տաղավար էր հրավիրել բլոգեր Արմեն Ալեքսանյանին, որը լայն հանրությանը հայտնի չէ։ Նա խոսել էր իշխանության դեմ փողոցային պայքարի մասին՝ հավելելով, որ ժողովրդի շրջանում առկա խոսակցություններից եզրակացրել է՝ մինչև մայիս Փաշինյանը հրաժարական է տալու։ Բլոգերի կանխատեսումը իրականություն չդարձավ։ 

Չիրականացած կանխատեսում եղավ նաև դիվանագիտական ոլորտում։ Արտաքին գործերի նախարարությունը 2024-ի հունիսի 13-ին հայտնել էր, որ Բելառուսում Հայաստանի դեսպանը հետ է կանչվել Երևան՝ խորհրդակցությունների։ «Իրավունք» թերթը հաջորդ տարի՝ 2025-ի հունվարի 15-ին, գրել էր, թե դեսպան Ռազմիկ Խումարյանը շուտով կնշանակվի Ուկրաինայում դեսպան։ Սակայն այս կանխատեսումն էլ չիրականացավ․ այս տարվա օգոստոսին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը։

Իսկ Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայում Գևորգ Պետրոսյանն է։

Այսպիսով, պարզվում է՝ «վստահելի աղբյուրները» միշտ չէ, որ վստահելի են․ նրանց կանխատեսումները հաճախ մնում են պարզապես խոսակցությունների մակարդակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում