Նախնական տվյալներով տեղի է ունեցել սպանություն, հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Երեք տարեկան Տիգրանի մարմինը հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում։ Նախնական տվյալներով սպանություն է տեղի ունեցել, հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ։ Բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլնի․ առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Կհիշեք որ երեխայի եղբայրը, ով նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի երեխայի վրա հոգեբանական լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա, և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից»,- հայտնեց նախարարը։
Նախարարի խոսքով, այս պահի դրությամբ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային։
«Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Այս պահի դրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։
Երբ դեպքը տեղի է ունեցել, և մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքներն ամբողջ հարակից հատվածում, իրականացվել է տարածքի «սանրում», և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ նախնական ցուցմունքի, երեխայի հայրը նրա մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքներով»,- հայտնեց նախարարը։
***
Հոկտեմբերի 27-ից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում որոնվում էր անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրանը։ Նրա մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։
Civilnet











