Բաքվում ընթացող հայերի դատավարությունը չի համապատասխանում արդար դատաքննության սկզբունքներին: Այն կարելի է բնութագրել որպես շոու դատավարություն։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Միջազգային իրավունքի մասնագետ, Ֆրիդրիխ Ալեքսանդեր Էրլանգեն համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։
«Բաքվում արդար դատավարության իրավունքը խախտված է մեղադրյալի համար։ Սա, այսպես ասած, շոու դատավարություն էր, որ իրենք իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ՝ ներկայացնելով դատախազի նույն այդ վերջաբանն այն ձևով, որ սա միայն մեղավորների մի մասն է ներկայացված։ Նրանք փորձել են ինչ-որ չափով իրականացնել իրենց Նյուրնբերգը՝ ցույց տալու համար, թե ինչպիսի հաղթանակ են տարել թե՛ պատերազմի դաշտում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ իրավական առումով»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ դատավարությունները սովորաբար տևում են տարիներ, իսկ Բաքվում անցկացված գործընթացը եղել է կարճ, ինչը, ըստ Պետրոսյանի, արդեն փաստում է արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։ Նա նշել է, որ մեղադրյալները զրկված են եղել իրենց պաշտպան ընտրելու իրավունքից և ներկայացվել են ադրբեջանցի պաշտպանով, որն ակնհայտորեն կողմնակալ է։
«Դա նշանակում է, որ անձը չի կարող լիարժեք պաշտպանել մեղադրյալներին իրենց քրեադատաիրավական իրավունքներին համապատասխան։ Մեղադրյալները չեն ունեցել հնարավորություն ծանոթանալու մեղադրանքներին և բավարար ժամանակ՝ դրանք հասկանալու համար։ Նրանց միջնորդությունները պարբերաբար մերժվել են»,- նշել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ դատավարության ընթացքում արձանագրվել են նաև խոշտանգումներ, մեղադրյալները պահվել են ծանր պայմաններում, և դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության սկզբունքներին։ Նա ընդգծել է, որ այս ամենը կարող է դառնալ հիմք, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին ճանաչի պատասխանատու պետություն։
Գուրգեն Պետրոսյանը հույս ունի, որ Բաքվում պահվող հայերը կանցնեն բոլոր դատական ատյաններով՝ վերաքննիչ և վճռաբեկ, ինչը անհրաժեշտ է ՄԻԵԴ դիմելու համար։ Նրա խոսքով՝ նրանք մեկուսացված են միջազգային հանրությունից, զրկված են արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցներից, իսկ Կարմիր խաչը՝ որը միակ կապի ուղին էր՝ փակվել է Ադրբեջանում։
«Նրանց ամբողջությամբ մեկուսացրել են միջազգային հանրությունից, չի տրվել հնարավորություն դատավարությունները օբյեկտիվ լուսաբանելու։ Դրանք լուսաբանվել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցների կողմից»,– ասել է Պետրոսյանը։
Խոսելով դատավարությունների նպատակի մասին՝ Գուրգեն Պետրոսյանը նշել է, որ դրանք ուղղված են ոչ միայն Բաքվում պահվող հայերի, այլ ամբողջ հայ ժողովրդի դեմ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է իր դատավարությամբ ապացուցել միջազգային հանրությանը, թե ինքն է իրավացի։
Միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ՝ Ադրբեջանի քաղաքական նպատակը Հայաստանին մեղավոր ճանաչելն է՝ ինչպես Գերմանիան ընդունեց իր մեղքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Խոսելով իրավիճակից դուրս գալու հնարավորությունների մասին՝ Պետրոսյանը նշել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից միակ ճանապարհը ՄԻԵԴ դիմելն է՝ դատավարական իրավունքի խախտումների հիմքով։ Նա նաև նշել է, որ Հայաստանը չպետք է թույլ տար, որ այս դատավարությունները շարունակվեին, նույնիսկ այն դեպքում, երբ օգոստոսի 8-ին հռչակվեց խաղաղություն երկու պետությունների միջև։
Նա հավելել է, որ իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց արդարադատության։
***
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը մեղադրող դատախազը ապացուցված է համարել։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 3-ին Բաքվի զինվորական դատարանի նիստին։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Վյուսալ Ալիևը ընդգծել է նաև, որ «դատարանի առջև կանգնած մեղադրյալները նշված բազմաթիվ հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց միայն մի մասն են»։
Արցախի նախկին պաշտոնյաների վերաբերյալ այս դատավարություններն ընթանում են անկախ դիտորդների և եվրոպացի դիվանագետների աչքից հեռու։ Նիստերը լուսաբանում են բացառապես պետական լրատվամիջոցները։
Մեղադրողը նիստին տեղեկացրել է, որ «ընդհանուր առմամբ մեղադրյալներին մեղսագրվում է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն 1988-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հայկական պետության և նրա կողմից ձևավորված հանցավոր կազմակերպության կողմից կատարված և պայմանականորեն 15 մասի բաժանված հանցագործություններին՝ նրանց գործունեությունն ընդգրկող ժամանակահատվածներին համապատասխան»։
Էլեն Մուրադյան
Civilnet











