Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվել առաջին բեռնատար գնացքը

Նոյեմբերի 4-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղևորվել հացահատիկով բեռնված առաջին գնացքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գնացքը 15 վագոնից է բաղկացած, որը տեղափոխում է 1048 տոննա ցորեն։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցորենով բեռնված գնացքն առաջիկա օրերին կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան։
Civilnet










