Գլխավոր Լրահոս

Բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունն անսպասելի էր․ Փաշինյան

Բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունն անսպասելի էր․ Փաշինյան

Հայաստանի համար անսպասելի էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացմանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին  նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։

«Այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում։ Ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով Հայաստանի հետ քննարկված չի եղել, թեև կար ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա։

Նա նշեց, որ այս դրական քայլը ցույց է տալիս, որ «բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել»։

Անդրադառնալով  TRIPP նախագծին, վարչապետը հայտարարեց, որ ներկայումս շատ ակտիվ աշխատանքներ են տարվում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականանա TRIPP նախագիծը։ Նա ընդգծել է այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, ըստ Փաշինյանի, այն բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն։

Վարչապետը նաև շեշտեց, որ անվտանգության և կայունության գործոններում կարևորում է փոխկապվածության գործոնը որպես անվտանգության և կայունության և խաղաղության երաշխիք։

Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը՝ համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի, այն կարևորագույն գործոնն է, որը «խաղաղությանը տալու է գործնական տեսք»։

Հիշատակելով՝ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով՝ Հայաստան ցորենի ներկրման պայմանավորվածությունը, Փաշինյանը նշեց, որ կոմունիկացիաների բացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։

«Ես իհարկե չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան»,- ասաց Փաշինյանը։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում