ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն այսօր կփոխանցվի հայկական կողմին

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն այսօր ժամանել է Երևան՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Յոհաննես Լուխներին ընդունել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է՝ ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։
ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել նախարար Սարգսյանին գործընթացի արդյունավետ համակարգման համար։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն։
Այս պահին, Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է որի հետ ԵՄ-ն վարում է Վիզաների ազատականացման գործընթաց:
***
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին կհանձնվի առաջիկա օրերին։
Civilnet










