Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ իրավական հայց հետ չի վերցվել և նման քննարկում չկա։
«Ադրբեջանի հետ բոլոր միջպետական դատական վեճերով, արբիտրաժային գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ես Հայաստանի շահերը ներկայացնում եմ անխափան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անդրեասյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Եղիշե Կիրակոսյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հեռացավ
Ադրբեջանի հայցերից փոխադարձաբար հրաժարվելու հայտարարությունների ֆոնին, Անդրեասյանը հակադարձեց․
«Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը, պարոն Կիրակոսյանը չի ստացել և նաև մեր գրասենյակը չի ստացել որևէ հայցից հրաժարվելու մասին առաջարկ։ Եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, դուք այդ մասին ինձանից ավելի շուտ կծանուցվեք»,- ասաց Անդրեասյանը։
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 15-րդ հոդվածում ասվում է, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։
Հայաստանի միջազգային հայցերը
2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը մի շարք հայցեր է ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ներկայում, ՄԻԵԴ-ում քննվում է Հայաստանի մասնակցությամբ յոթ միջպետական բողոք: Հայաստանը դիմել է Ադրբեջանի դեմ չորս գործով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրավունքների խախտումների; Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ ռազմագերիների; Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետևանքով խախտումների; և Արցախի բնակչության հարկադիր տեղահանման վերաբերյալ:
Հայաստանը բողոք է ներկայացրել նաև Թուրքիայի դեմ՝ Ադրբեջանին աջակցելու համար: Ադրբեջանը իր հերթին ներկայացրել է երկու բողոք Հայաստանի դեմ՝ Հայաստանին մեղադրելով Ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում խախտումների և վերաբնակեցման ու ադրբեջանական գույքի ոչնչացման մեջ:
2021-ի սեպտեմբերին Հայաստանը դիմեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։ Հայցը ներառում էր անհանդուրժողականություն և ռասայական խտրականություն հայերի նկատմամբ պետական քաղաքականության մակարդակով, ռազմագերիների և պատանդների իրավունքների խախտումներ, այդ թվում՝ նրանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացում։
2021-ի դեկտեմբերին դատարանը բավարարեց Հայաստանի միջանկյալ միջոցների կիրառման պահանջը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը և կանխել հայերի հանդեպ խտրական վերաբերմունքը։
Civilnet











