Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը նորից գտնվում է ապօրինի սանկցիայի տակ․ նրան արգելել են լքել երկիրը․ Աշոտյան

Սերժ Սարգսյանը նորից գտնվում է ապօրինի սանկցիայի տակ․ նրան արգելել են լքել երկիրը․ Աշոտյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցերեկվանից նորից գտնվում է ապօրինի, ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ․ նա չի կարող բացակայել երկրից։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ և ներկայացրել են մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, զուտ որպես առիթ, որպեսզի այդ հիմքով արդեն նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը, արգելեն նրան մեկնել Հայաստանից»,- հայտնեց Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ նախօրեին Սերժ Սարգսյանը երեք անգամ իր փաստաբանների հետ ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննվել են նախկին նախագահի դեմ հարուցված միավորված երկու քրեական գործերը։ 

«Սերժ Սարգսյանի դեմ հարուցած չորս շինծու քրեական գործերը միավորվել էին երկու գործի մեջ, և երեկ, անակնկալ կերպով, երկու այդ գործերով դատարանը դատախազության միջնորդությամբ հրավիրել էր դատական նիստեր, որոնցից մեկը հետաձգվեց, իսկ հետո նորից կայացավ։ Երեկ դատարաններում քննվում էր դատախազության միջնորդությունը, հիմար, շինծու, հորինված վիրավորական մեղադրանքով, կամ պատրվակով ավելի ճիշտ, այն է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ երկրից և չվերադառնալ զավեշտալի հիմնավորմամբ»,- ասաց Աշոտյանը։

Աշոտյանի պնդմամբ՝ դատարանները անհիմն են համարել այս մեղադրանքները և չեն բավարարել դատախազության միջնորդությունները։ 

Երեկ դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «նույնիսկ մահապատժի դատապարտվելու դեպքում երբեք չի լքի Հայաստանը»։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքը հիմնված է դեռևս 2019-ին սկսված նույն գործի վրա, որի շրջանակում քննիչները նախկինում սխալ թարգմանությամբ ցուցմունքներ էին ստացել գործարար Միքայել Բաղդասարովից։  

Աշոտյանը հիշեցրել է, որ առերեսման ժամանակ Միքայել Բաղդասարովը հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից՝ նշելով, որ դրանք արձանագրվել են սխալ թարգմանությամբ, քանի որ ինքը խոսել է ռուսերեն։ Նրա խոսքով՝ այդ դրվագը տարիներ առաջ փակվել էր և դատարան ուղարկված գործի փաթեթում չի ներառվել։

Աշոտյանի խոսքով՝ այժմ՝ վեց տարի անց, նույն դրվագի հիման վրա նոր մեղադրանք է ներկայացվել՝ Սերժ Սարգսյանի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու նպատակով։  «Եթե 2019-ից հայտնի դրվագը պարունակում էր քրեական հետապնդման հիմքեր, ինչո՞ւ այն չի ներառվել 2025-ի գործի մեջ։ Եթե հիմք կար, ուրեմն այն թաքցրել են, իսկ եթե հիմք չկար, ապա հիմա այն արհեստականորեն են հորինել»,– նշեց Աշոտյանը՝ նոր մեղադրանքը որակելով որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում