Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է. կալանավորման փոխարեն դատարանը երկու ամիս ժամկետով սահմանել է տնային կալանք։
Հարությունյանին այս տարվա օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման հոդվածներով։ Նա կալանավորվել էր օգոստոսի 8-ին՝ երկամսյա ժամկետով, իսկ հոկտեմբերի 7-ին նրա կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացվել էր։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո մտադիր են ներկայացնել վերաքննիչ բողոք։
Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր օգոստոսի 7-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ նրա փաստաբանները պնդում են, որ դեռ 2018-ին իրականացված քննությամբ այդ կապն ամբողջությամբ հերքվել է։ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018 թվականներին։
Դեռ նախորդ տարի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատական կարգով պահանջում է նախկին պաշտոնյայից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ և մի շարք այլ գույքային պահանջներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ՝ չհիմնավորվելով օրինական եկամուտներով։
Civilnet











