Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց նախկին նախարարի եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը։
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում է եղբայրը ձերբակալվել, իրավապահ որ մարմինն է ձերբակալել։ Նա նաև հայտնեց, որ խուզարկել են Քերոբյանի բնակարանը։
Իշխանական մամուլը գրում է, որ Քերոբյանի ձերբակալությունը կապված է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ:
ՍիվիլՆեթը փորձում է հավելյալ տեղեկություն ճշտել իրավապահ մարմիններից։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
***
Վահան Քերոբյանը 2024-ի փետրվարին ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակվել էր տնային կալանք։ Էկոնոմիկայի նախկին նախարարի 4-ամսյա տնային կալանքի ժամկետն ավարտվել էր 2024-ի հունիսին։
Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը և այլ անձինք։
Ըստ Քննչականի՝ անցած տարի էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջ»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։
Հունիսի 6-ին դատախազությունը հաղորդել էր, որ այս քրեական վարույթով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ևս մեկը՝ արդարացվել։ 8 անձանցից մեղադրյալի աթոռին մնացել են միայն Քերոբյանն ու Հովանեսյանը։
Civilnet











