Գլխավոր Լրահոս

Հայաստանի ղեկավարները դադարել են «Եռաբլուր» այցելել հիշատակի օրերին

Հայաստանի ղեկավարները դադարել են «Եռաբլուր» այցելել հիշատակի օրերին

Էլեն Մուրադյան

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, հանձինս վարչապետի,  դադարել են «Եռաբլուր» այցելել հիշատակի օրերին։ Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի 5-րդ տարելիցին, Նիկոլ Փաշինյանը չգնաց «Եռաբլուր»։ Փոխարենը նա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Տեր Թադե Թախմազյանի մատուցած պատարագին: 

Ազգային ժողովի նախագահը ևս չգնաց «Եռաբլուր», այլ մասնակցեց գործընկերոջ ընտանիքի անդամի հոգեհանգստին, քանի որ, իր խոսքով՝ «չէր կարող չմասնակցել»։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վարչապետ Փաշինյանը վերջին անգամ «Եռաբլուր» է այցելել 2025-ի հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրը։

Վերջին անգամ, երբ նոյեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը «Եռաբլուր»  է այցելել, 2021-ն էր։

Պաշտոնական որևէ հիշատակում չկա նաև, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց պաշտոնավարման տարիներին նոյեմբերի 9-ին այցելել են «Եռաբլուր»։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները «Եռաբլուր» չայցելեցին նաև սեպտեմբերի 13-14-ին՝ 2022-ի սեպտեմբերյան հարձակման տարելիցի օրը, ինչպես նաև սեպտեմբերի 27-ին՝ 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը։ 

Սեպտեմբերի 13-ին Հրազդանում կայացավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը ֆինանսավորել էր կառավարությունը։

2020-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցել է մոտ 4,000 զոհ։ Իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ բռնազավթվել է։

***

Հիշատակի կամ տոնական որոշ օրերի վարչապետ Փաշինյանի «Եռաբլուր» այցելություններն  ուղեկցվել են լարված իրավիճակներով։ Դրանցից մեկը 2022-ի սեպտեմբերի 21-ն էր, երբ զոհվածների ծնողները գիշերվանից «Եռաբլուր» էին գնացել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը զինվորական պանթեոն։

Առավոտյան, նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը՝ բերման ենթարկելով ճանապարհը փակած որդեկորույս մայրերին։  

2021-ի սեպտեմբերի 21-ին վարչապետի «Եռաբլուր» այցը ևս միջադեպերով էր ուղեկցվել։ 

Տե՛ս նաև՝ Լրահոսը լռում է՝ բարձրագույն պաշտոնյաներն արդյոք այցելեցին Եռաբլուր սեպտեմբերի 27-ին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում