Վարույթ՝ Ամուլսարի ջրի հնարավոր աղտոտման ահազանգի հիման վրա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) նոյեմբերի 10-ին վարչական վարույթ է հարուցել՝ ուսումնասիրելու Ամուլսարի հանքի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով խմելու ջրի հնարավոր աղտոտման դեպքը։
Այս մասին այսօր հայտնել են տեսչական մարմնից։ Ըստ աղբյուրի՝ վարույթի հարուցման հիմք է հանդիսացել համացանցում այսօր տարածված տեսանյութը։ Տեսանյութում, ըստ նախնական տեղեկությունների, երևում է, թե ինչպես է աշխատանքների արդյունքում պղտորվել խմելու ջուրը։
«Այսօր, համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ», - նշված է ԲԸՏՄ-ի հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից նաև խոստացել են, որ վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
***
2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։ Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլն-ը՝ տեղական բանկից, ևս 100 մլն-ը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։ Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։
2023-ի մայիսին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել էր, որ վարկի տրամադրման համար բանկը պատվիրել է բնապահպանական նոր փորձաքննություն՝ վերջնական որոշում կայացնելու համար։
2024-ի տարեվերջին ՍիվիլՆեթը գրել էր, որ ԵԱԶԲ-ի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման գործընթացը տապալվել է։
2024-ի դեկտեմբերին Ֆինանսների նախարարությունը սկսեց ուսումնասիրել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի փաթեթը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար պետական երաշխիք տրամադրելու նպատակով։
2025-ի փետրվարին կառավարությունը որոշեց մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել Հայաստանի բանկերից՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ Օգոստոսին էլ ՍիվիլՆեթին գրավոր պատասխանեցին, որ «Լիդիան Արմենիա»-ն 150 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավել «Ամերիաբանկ»-ից։
«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր-տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տոննա։
Թեմա
Civilnet










