Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության գործի քննության շրջանակում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Արագածոտնի թեմի հոգևորականների են կանչել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրանք վկայի կարգավիճակ ունեն։
«Այս պահին 8 հոգևորականի ծանուցման մասին տեղեկություն ունենք՝ մեկ վարդապետ և յոթ քահանա։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ են քննում, ինչ փաստի շուրջ է այդ քննությունն իրականացվում։ Նաթան սրբազանն արդեն հարցաքննվել է, նա որևէ առընչություն չունի այդ գործի հետ։ Այդ ձայնագրությունը, որ տարածվել է հայտնի չէ՝ որտեղից է ձեռք բերվել»,- ասաց Ֆարմանյանը։
Փաստաբանը նշեց, որ Քննչական կոմիտե հրավիրվածների թվում են նաև հոկտեմբերի 15-ին բերման ենթարկված հոգևորականները։
Քննչական կոմիտեից հոկտեմբերի 15-ին հայտնել էին, որ հոգևորականները բերման են ենթարկվել՝ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։
Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։
Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։
***
Հայաստանում վերջին ամիսներին նկատելիորեն սրվել է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարվածությունը։ Ձերբակալվել և կալանավորվել են Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ՝ իշխանության զավթման փորձի, զանգվածային անկարգությունների հրահրման և ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքներով։
Կալանավորվել են Շիրակի թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Բագրատ Գալստանյանին ներկայացվել են մի շարք մեղադրանքներ՝ ներառյալ ահաբեկչություն նախապատրաստելը, զանգվածային անկարգությունների կազմակերպումը եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելը։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է նախաքննության ընթացքում՝ նախապես երկու ամսով, որից հետո կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Նրա պաշտպանական կողմը պնդում է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ եւ հիմնված է անհիմն փաստերի վրա։
Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ հրապարակային կոչերի միջոցով սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու մեղադրանքով։ Դատարանը գնահատել է, որ նրա ելույթները խախտել են երկրի սահմանադրական կարգը։
Civilnet











