Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի դեսպանը Բաքվում կանչվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը Բաքվում կանչվել է ԱԳՆ

Ջենդի (Ալեքսանդրա) Քյունինգ 

Հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Կիևի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման պատճառով Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասից հետո  Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Սա առնվազն չորրորդ դեպքն է, երբ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը տուժում է ռուսական հարվածներից։

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերի իրականացրած լայնածավալ հրթիռային հարվածի ընթացքում մի հրթիռ ընկել է դեսպանատան տարածք։  

«Դեսպանատան շենքի պատերը լուրջ վնասվել են։ Շենքի մի մասը քանդվել է, դեսպանատան բոլոր պատուհանները ջարդվել են, ինչպես նաև վնասվել են դիվանագետների ավտոմեքենաները», - հայտնել են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։

Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Սա առնվազն չորրորդ դեպքն է, երբ Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվում է օդային հարվածների հետևանքով, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «այս անգամ հասցված վնասը զգալիորեն մեծ ու ծանր» է եղել։

Օգոստոսի վերջին մի հրթիռ պայթել էր դեսպանատան շենքի մոտ՝ ջարդելով պատուհաններ և ճաքեր առաջացնելով հյուպատոսական բաժնի տանիքում։ Նույն ամսվա սկզբին ռուսական երկու  անօդաչու թռչող սարքեր հարվածներ էին հասցրել Օդեսայի շրջանում SOCAR-ի կողմից շահագործվող օբյեկտներին։

Հուլիսին կամիկաձե ԱԹՍ-ի պայթյունը կրկին վնաս էր հասցրել դեսպանատան շենքին։

Եվդոկիմովի հետ հանդիպման ընթացքում նախարարությունը հիշեցրել է նաև 2022-ին Խարկովում Ադրբեջանի պատվո հյուպատոսության վրա հասցված հարվածը՝ նշելով, որ «վարչական շենքը լուրջ վնասվել էր, իսկ ծառայողական ավտոմեքենան այլևս օգտագործման ենթակա չէր», ինչպես նաև 2024-ի հունվարին իրականացված հրթիռային հարվածը, որի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտ 35 քայլ հեռավորության վրա առաջացել էր մոտ 3 մետր տրամագծով խոռոչ, իսկ 8 մետր խորության վրա հայտնաբերվել էր չպայթած զինամթերք։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս բոլոր միջադեպերը «կասկածներ են առաջացնում հարվածների կանխամտածված լինելու վերաբերյալ»։

Նախարարությունը հավելել է, որ այդ բոլոր փաստերի մասին Ռուսաստանը նախկինում ծանուցվելլ է պաշտոնական նոտաներով, իսկ Ուկրաինայում գործող բոլոր դիվանագիտական առաքելությունների շենքերի կոորդինատները փոխանցվել են դեռևս 2022-ի ապրիլին։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նման հարձակումները մեր դիվանագիտական ներկայացուցչությունների վրա անընդունելի են, և ռուսական կողմից պահանջվել է իրականացնել համապատասխան հետաքննություն և ներկայացնել մանրամասն բացատրություն», - ասված է նախարարության հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտել ռուսական հրթիռային հարձակումը՝ նշելով, որ «դիվանագիտական առաքելությունների վրա նման հարձակումներն անընդունելի են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն»։

Զելենսկին նաև «շնորհակալություն է հայտնել» Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար։

Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է Կիևի կենտրոնական Լուկյանիվկայի շրջանում՝ Լուկյանիվսկայի մետրոկայանից և բազմիցս թիրախավորված «Արտեմ» ռազմարդյունաբերական գործարանից մի քանի փողոց հեռու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում