Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) 45 օր կապի արգելքից հետո նոյեմբերի 16-ին կարճ հեռախոսազանգ է կատարել ընտանիքին։ Էօլճեքճեանն ասել է, որ այլևս չի կարողանում քայլել, նրա ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարացել է, և իրեն անհրաժեշտ է սայլակ, որը չի տրամադրվել։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը և փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ X-ի միկրոբլոգում։
Վիգէնին տարել են բժշկի մոտ, բայց դեղորայք չեն տվել, և որևէ բուժում չի իրականացվել։
Կնոջ և փաստաբանի հայտարարության մեջ նաև նշված է, որ Էօլճեքճեանը սնվում է միայն թեյով և հացով ու զրկված է լիարժեք սննդից, ինչը նրանք գնահատում են որպես դիտավորյալ զրկանք և անմարդկային վերաբերմունք։
Հայտարարությունում նշվում է, որ իրավիճակը հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունների ֆոնին, որոնցում նա խոսել էր «Բաքվում թեյի» մասին՝ ինչը ընտանիքը ընկալում է որպես հայ կալանավորների տառապանքների ծաղրանք։
Ըստ ընտանիքի՝ նկարագրված պայմանները կարող են խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և ՄԱԿ-ի Մանդելայի կանոնները, իսկ բուժօգնության, սննդի և սայլակի մերժումը լուրջ վտանգ է ներկայացնում Էօլճեքճեանի առողջության և կյանքի համար։
Նրա ընտանիքն ու փաստաբանը կոչ են անում անհապաղ միջազգային միջամտության, անկախ բժշկական գնահատման և հումանիտար հասանելիության՝ ներգրավելով ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմները, իրավապաշտպան կառույցները և չեզոք դիտորդներին։
***
Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանին չորս տարի առաջ Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
2020-ի նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ազատ արձակվեց։
Վիգէն Էօլճեքճեանը Լիբանանում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ 2019թ․ տեղափոխվել է սկզբում Երևան, ապա՝ Շուշի։ 2015 թվականից ունի Հայաստանի քաղաքացիություն։
Civilnet











