Օրեր առաջ արցախցի Նունե Գաբուլյանին վերջապես միացել է իր ընտանիքը։ Հոկտեմբերի սկզբում նրան Ֆրանսիայից արտաքսել էին՝ բաժանելով ամուսնուց ու երկվորյակ դստրերից։ Երևան տեղափոխող թռիչքը կազմակերպել է ֆրանսիական կողմը։
Նունեն ամուսնու ու նրանց երկու դստրերի հետ 2023-ի ապրիլին էր տեղափոխվել Ֆրանսիա։ Մինչ այդ նրանք բնակվում էին Շուշիում։
«Փառք Աստծո, վերամիավորվել ենք։ Ամենաճիշտ տարբերակն էր, որ իրենք գան։ Որովհետև գտել ենք, որ այս պահին ճիշտը դա է՝ հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։ Առ այսօր ոչ մեկը բացատրություն չի տալիս իմ վերաբերյալ ստեղծված վիճակի մասին։ Որ նախարարություն էլ դիմել եմ՝ մի նորմալ պատասխան չեն տվել»,– ասում է Նունեն։
Ապագայի վերաբերյալ ընտանիքը դեռ հստակ ծրագրեր չունի, փորձում են վարձով բնակարան գտնել, դպրոցական երեխաների կրթության հարցերը լուծել և աշխատանք գտնել։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների՝ 2023-ի սեպտեմբերից մինչև 2025-ի հոկտեմբերի 8-ը Ֆրանսիա է մեկնել 174 բռնի տեղահանված արցախցի, որոնցից 98-ը վերադարձել է Հայաստան։ Նունեն դժվարացավ ասել, թե ինչ կարող է սպասել Ֆրանսիայում ապրող մյուս արցախցիներին։
«Տեղի հայերի վիճակի մասին քաղաքական գործիչները կիմանան, նրանք են որոշում, թե հայերը որտեղ գնան։ Մի քաղաքականության զոհ էլ մենք ենք դարձել, դա իմ կարծիքն է»,– ասում է Նունեն։
Արտաքսումից հետո Նունեն ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել էր՝ պատկերացում չունի, թե ինչու են իրեն արտաքսել։
«Առավոտյան ժամը 7-ին ոստիկանությունը գալիս է՝ առանց որևէ բացատրության։ Հարևան սենյակում երեխաներն էին, մյուսում՝ մենք։ Ութ հոգանոց խումբ էր, քաղաքի ամենահզոր, հաղթանդամ ոստիկանները՝ զինված, զրահաբաճկոներով, ռացիաներով։ Կարծես հանցագործ բռնելու էին եկել»,– ասել էր նա։
Civilnet











