Գլխավոր Լրահոս

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հայ գերիների հարցն ուշադրության կենտրոնում պահել․ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ հայ գերիների հարցն ուշադրության կենտրոնում պահել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին և խնդրել՝ ուշադրության կենտրոնում պահել այն։ Այս մասին վարչապետը հայտնեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Արձանագրել եմ, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այդ հարցի վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց վարչապետը։

***

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներին բարձրաձայնում են Բաքվում բռնի անազատության մեջ պահվող հայերի վերադարձի հարցը։

Հունիսին հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման թեման Ադրբեջանի հետ բանակցությունների ցավոտ մասն է, եզակի հարցերից մեկը, որի շուրջ կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ 

Բաքվում ընթացող շինծու գործով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար ադրբեջանցի դատախազները մինչև ցմահ ազատազրկում են պահանջել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում