Գլխավոր Լրահոս

Երբ հրատապ աջակցությունը ոչ միշտ է հրատապ. արցախցիներին աջակցության ծրագրի խնդրահարույց հանգամանքները

Երբ հրատապ աջակցությունը ոչ միշտ է հրատապ. արցախցիներին աջակցության ծրագրի խնդրահարույց հանգամանքները

Սիրանուշ Ադամյան

Արցախից տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի՝ 40+10, այժմ 30,000 դրամ դարձած աջակցության շահառուների թվի կրճատումից հետո ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկեց նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության տրամադրում։ Ի՞նչ խնդիրների են բախվում արցախցիներն այս աջակցության հարցում, որքանո՞վ է այն բավարարում արցախցիների կարիքներն, ու ի՞նչ լուծումներ կարելի է տալ ծագած խնդիրներին։

Առցանց հարցում

Ի՞նչ է հրատապ աջակցության ծրագիրը

Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրվող բնակվարձի աջակցության շահառուների ցանկը զգալիորեն կրճատվեց ս.թ. հունիսի 1-ից, իսկ տրամադրվող աջակցությունը 40-ի փոխարեն դարձավ 30,000 դրամ, որից օգտվում է 44,334 անձ։

Կառավարությունն այս ծրագրի կրճատմանը զուգահեռ մեկնարկեց «Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ աջակցության» ծրագիր։ Դրանից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնցում  մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը։ Օրինակ՝ եթե 4 հոգանոց ընտանիքի ընդհանուր եկամուտը 200 հազար դրամ է (այն բաժանում ենք 4 հոգու միջև ու ստացվում է 50,000 դրամ՝ մեկ անձի հաշվով), ապա տվյալ ընտանիքը կարող է լինել աջակցության շահառու։ Ուշագրավ է, որ գործող աջակցությունները, թոշակները, այլ նպաստներ մտնում են եկամտի հաշվարկում։

Բացի այդ, ընտանիքները չեն կարող լինել ծրագրի շահառու, եթե.

- գտնվում են պետական հոգածության ներքո կամ բնակվում են համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,

- ընտանիքի անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ ունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,

- ընտանիքի անդամները ունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից։
Ծրագիրը նախատեսված է 2025 թվականի հունիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։

Այս ծրագիրը կարևոր է Արցախից տեղահանված ընտանիքների համար, քանի որ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են վարձով բնակվել և բնակվարձի աջակցության (40+10-ը, որը հունիսից դարձավ 30,000) շահառուների թվի կրճատումից հետո շատերի համար բարդ է վճարել տան վարձն ու հոգալ սեփական կարիքները։ Թեև սա, իրոք, կարևոր քայլ է նվազագույն կարիքները հոգալու համար, սակայն գործնականում պարունակում է մի շարք խնդիրներ, որոնց բախվում են արցախցիները։

Ի՞նչ խնդիրների են բախվում արցախցիներն այս ծրագրում

Արցախից տեղահանված մի քանի ընտանիք մեզ հետ զրույցում փաստել է՝ իրենք լիովին համապատասխանում են ծրագրի պայմաններին, բայց իրենց դիմումը մերժվում է։ 

Արցախից տեղահանված Արֆենյա Չիլինգարյանի խոսքով՝ որպես մերժման պատճառ նշվում է, որ իրենք բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն դիմումատուի ներկայացված բնակության վայրի հասցեով։

Էկրանապատկերում՝ Արֆենյայի դիմումի պատասխանը

«Որ նոր էինք եկել այստեղ, մի քանի տուն ենք փոխել․ գրանցվել էինք Աջափնյակ համայնքում։ Երբ այդ հասցեով դիմում եմ գրում, մերժում է, հիմա Արաբկիրում ենք ապրում, այդ հասցեով եմ գրում, էլի մերժում է, ասում է՝ դուք գրանցված չեք այդ հասցեով, գնացել եմ Միասնական սոցիալական ծառայության մեր մասնաճյուղ, ասում են՝ մենք էլ չգիտենք՝ ինչ պիտի անեք»,- պատմում է Արֆենյան՝ հավելելով, որ արցախցիներից շատերն են պարբերաբար վարձով տուն փոխում տարբեր պատճառներով ու չեն կարող ամեն անգամ հաշվառման հասցեն փոխել անձնագրում։

Արֆենյան առողջական խնդիրներ ունի, ամուսինն էլ մեքենա է վարձակալել ու տաքսի է վարում, բայց շատ քիչ եկամուտ են ստանում։ Ունեցած ոսկեղենը վաճառել են, որ կարողանան տան վարձը տալ։

Արցախից տեղահանված Ալվարդ Գրիգորյանն իր 27-ամյա դստեր հետ է ապրում։ Երրորդ կարգի հաշմանդամ է, ու իրենց միակ եկամուտը իր 40,000 դրամ նպաստն է։ Ալվարդը վստահ է՝ ծրագրի շահառու են, բայց դիմումը մերժվում է։ Որպես պատճառ նշվում է՝ չեն հանդիսանում կարիքավոր ընտանիք։ 

«Աղջիկս էլ ունի առողջական խնդիր, չի կարողանում աշխատել: Սեպտեմբերի վերջին նախարարությունում լրացրել են նորից, սպասում եմ պատասխանի։ Իրենք էլ են զարմացել»,- ասում է Ալվարդը։

Ալվարդն ու դուստրը մի փոքր բնակարանում են ապրում, վարձը՝ 90 հազար դրամ։ Բնակվարձի աջակցությունը մայիսից հետո չեն ստանում, պարտքով գումար են վերցնում ծանոթ մարդկանցից, որ կարողանան վարձը վճարել։

Նանար Դանիելյանն իր ամուսնու ու անչափահաս երեխայի հետ Սոլակ գյուղում են ապրում (Հրազդան համայնք)։ Հուլիսին նա դիմում էր լրացրել հրատապ աջակցության համար, բայց մերժվել է. երկրորդ անգամ լրացնելուց հետո դիմումը հաջողությամբ ընդունվել է օգոստոսին։

Արդեն օգոստոսի ու սեպտեմբերի համար ստացել է աջակցությունը, իսկ առաջին դիմումի ժամանակ նշել են, որ չի համապատասխանում պահանջներին։ Թե ինչու են այդպես նշել՝ ինքն էլ չգիտի։ Նանարի ամուսինը սեզոնային աշխատանք է կատարում։ Մի կերպ գոյատևում են։
«60,000 ենք ստանում հրատապ աջակցության ծրագրով։ Թե ասենք բավարարում է՝ ոչ, քանի որ միայն տան վարձին է մի կերպ  հերիքում։ Եթե այս աջակցությունն էլ կտրեն, շատ դժվար է լինելու։ Լավ կլինի շարունակական լինի»,- ասում է Նանարը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Նինա Հակոբյանի խոսքով՝ արցախցիների համար դժվար է դիմում լրացնելը, բայց դա ընդհանուր խնդիր է՝ կապված նաև այլ ծրագրերի հետ։ Իսկ կոնկրետ Հրատապ աջակցության հետ կապված իրենց դիմել են մի շարք արցախցիներ, որոնց դիմումի պատասխանն ուշանում էր։

Լուսանկարում՝ Նինա Հակոբյանը

«Կոնկրետ դեպքում երեք ամիս հետո են ստացել պատասխանը, քանի որ ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով դիմումը սխալ էր լրացվել, ու պետք է նորից  դիմումը գրեին։ Եթե դիմողներն ավելի շուտ իմանային, ապա ավելի շուտ խնդիրը կլուծեին ու գումարն ավելի շուտ կստանային»,- ասում է Նինա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դիմել են նաև արցախցիներ, որոնց դեպքում նույն ընտանիքի անդամները իրարից առանձին էին ապրում. տարբեր դիմումներ էին գրել, բայց երեք ամիս հետո միայն ասել են, որ պետք է մեկ դիմում գրվի, որովհետև հաշվառման հասցեն նույնն է։ Պարզվում է՝ հաշվառման մեկ հասցեից պետք է մեկ դիմում ներկայացվի՝ բոլոր գրանցված անձանց համար, բայց ծրագրում այս պահանջը հստակ ձևակերպված չէ։ Նինան նաև խնդրահարույց է համարում գումարի չափը, քանի որ այն չի կարող բավարարել արցախցիների կարիքները։ 

Ի՞նչ են պարզաբանում նախարարությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այս ծրագրին դիմումների թիվը 69,767 է։ Այս թվի մեջ մտնում են նաև մեկ ընտանիքի կողմից ներկայացված մի շարք դիմումներ, որովհետև մեկ ընտանիքը կարող է նորից դիմում ներկայացնել, եթե մերժում  է ստանում։ 

Ներկայացված դիմումներից մերժվել է 48,100-ը, իսկ ենթակա վճարման կարգավիճակ ստացածների թիվը 21,667 է (6,795 ընտանիք)։ Միջոցառման շրջանակում նախատեսված էր սոցիալական աջակցություն տրամադրել շուրջ 3,000 բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքի:

Դիմումի մերժման դեպքում կարող է ներկայացվել նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած դիմելու ամսվանից:

Նախարարության՝ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը, անդրադառնալով մեր հարցին, թե, արդյոք, կպարզեցվի՞ դիմելու մեխանիզմը՝ հաշվի առնելով, որ ընտանիքները պարբերաբար փոխում են իրենց բնակության հասցեն, ասաց, որ իրենք ամենապարզ մեխանիզմն են դրել այս ծրագրի հիմքում.

«Ի՞նչ է ասվում. դու պետք է բնակչության պետական ռեգիստրում ունենաս հաշվառում, ու քո ընտանիքի անդամը, որին մուտք ես անում, նույնպես պետք է հաշվառում ունենա։ Եթե դուք մի երկու ամսից տեղափոխվել եք բնակության այլ վայր, բնակության պետական ռեգիստրի մասին օրենքով էլ է դա ենթադրում, որ յոթ օրվա մեջ ձեր հաշվառումը պետք է փոխել»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ եթե ընտանիքի դիմումն արդեն իսկ ընդունվել է ու ստանում է գումար, տեղափոխվելուց հետո չի դադարեցվում գումարի տրամադրումը։

Լուսանկարում՝ Արտակ Հարությունյանը

Նա տարակուսեց, որ իրենց սկզբում քննադատում էին՝ ասելով, որ շատ խիստ են գրել ծրագիրը, բայց ամիս առ ամիս շահառուների թիվը միայն ավելանում է։

Հարցին, թե, արդյոք, կարո՞ղ են տեխնիկական խնդիրներ լինել, քանի որ որոշ ընտանիքներ պնդում են, որ իրենք համապատասխանում են ծրագրին, բայց մերժում են ստանում, Հարությունյանն ասաց, որ դիմում լրացնելիս Երևանում բնակվողների դեպքում հնարավոր է սխալ լրացում լինի դիմումի մեջ. «Օրինակ, նորերս մի դեպք կար, որ Երևանից հետո պետք է ընտրի վարչական շրջանը, դրա փոխարեն Երևան է ընտրել նորից. այսպիսի թյուրիմացություններ կան։ Դրա համար ավելի լավ կլինի, որ շահառուն գնա Աշխատանքքի և սոցհարցերի նախարարություն կամ Միասնական սոցիալական ծառայության կենտրոն, որպեսզի օգնեն դիմումը ճիշտ լրացնել»,- պարզաբանում է Հարությունյանը։ 

Այժմ նախարարությունը քննարկում է վեց ամսով ծրագիրը երկարաձգելու հարցը, բայց նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ծրագրում որոշակի խստացում կարող է լինել։

Ծրագրի հետ կապված խնդիրների ի՞նչ լուծումներ են առաջարկվում

Հրատապ աջակցության ծրագիրը թեև ուղղված է Արցախից տեղահանվածների նվազագույն կարիքները հոգալուն, սակայն դեռևս չի ապահովում այն պարզ, արագ և հասանելի մեխանիզմը, որն անհրաժեշտ է նման խոցելի խմբերի դեպքում։ Սա կարող է նվազեցնել ծրագրի արդյունավետությունը։

Իրավախորհրդատու Նինա Հակոբյանի խոսքով՝ նախարարությունից պետք է ավելի արագ արձագանքեն դիմումներին ու դրանք մերժելիս արագ ուղղելու կամ փոփոխություններ կատարելու հնարավորություն տան. «Դա հնարավորություն կտա, որ մարդիկ չկորցնեն որևէ ամսվա աջակցության գումար, կամ ավելի արագ ստանան իրենց աջակցության գումարները, այսինքն՝ արագ արձագանքելը շատ կարևոր է, այդ առումով արժե հենց ծրագրում, կառավարության որոշման մեջ նշել սեղմ ժամկետներ՝ երբ պետք է պատասխան տրվի դիմումներին»։

Ըստ իրավախորհրդատուի՝ պետք է նաև նշել կոնկրետ օր, թե երբ է  կատարվելու  ամսական վճարումը։ Ներկայում շահառուները տարբեր օրերի են ստանում գումարները և չեն կարող կանխատեսել, թե երբ կկարողանան վճարել կոմունալ ծախսերը, վարձը և այլն, քանի որ հրատապ աջակցության նպատակը հենց սկզբնական անհրաժեշտ կարիքները բավարարելն է, ինչի համար անհրաժեշտ է կանխատեսելիություն։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում