Գլխավոր Լրահոս

Տեխնոլոգիական կլաստեր, 3600 տեղանոց կացարան և օտարերկրյա ներդրումներ. մանրամասներ «Ակադեմիական քաղաքից»

Տեխնոլոգիական կլաստեր, 3600 տեղանոց կացարան և օտարերկրյա ներդրումներ. մանրամասներ «Ակադեմիական քաղաքից»

Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը ավարտել «Ակադեմիական քաղաք» նախագծի առաջին փուլը՝ շահագործման հանձնելով տեխնոլոգիական կլաստերը, արվեստի կենտրոնն ու ուսանողական կացարանները։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ծրագրի նպատակն է մինչև նույն ժամկետը հայաստանյան առնվազն չորս բուհ տեսնել միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում։

Նախարարը մանրամասնել է, որ նախագծի գլխավոր հատակագծի վրա աշխատում է գերմանական հեղինակավոր GMP ընկերությունը, իսկ կառավարման մոդելը մշակվում է Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ համատեղ։

Ենթակառուցվածքներ և ժամանակացույց

Իշխանություններն Ակադեմիական քաղաքի կառուցման մասին առաջին անգամ խոսեցին 2023 թվականին` հռաչակելով այն որպես ռազմավարական նախագիծ։ Այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ քաղաքի բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։

Ծրագրով մասնավորապես նախատեսվում է Երևանի հյուսիս-արևմտյան հատվածում ստեղծել կրթական և գիտական նոր կենտրոն, որը «կհյուրընկալի ուսանողների, հետազոտողների, մասնագետների ամբողջ աշխարհից»։ Ծրագրի համաձայն՝ պետական բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները տեղափոխվելու են այս տարածք՝ միավորվելով ըստ մասնագիտական կլաստերների։

«Ե′վ մասնավոր, և′ միջպետական համալսարանները, որոնք գտնվում են Ակադեմիական քաղաքից դուրս, կշարունակեն գործել, սակայն վերջիններս պետք է համապատասխանեն բարձրագույն կրթության նոր չափանիշներին, որոնք նախատեսվում է ստեղծել ապագայում», - ասված է Ակադեմիական քաղաք նախագծի պաշտոնական կայքի` «հաճախ տրվող հարցեր» բաժնում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում նախարար Անդրեասյանը հստակեցնում է, որ թեև ժամանակակից ճարտարապետական լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած քաղաքի ամբողջական շինարարությունը կարող է տևել ավելի քան 10 տարի, փուլային տարբերակը թույլ կտա համակարգը գործարկել ավելի վաղ։

«Առաջին փուլի շրջանակներում մենք պլանավորում ենք, որ մինչև 2030 թվականը քաղաքում կլինի տեխնոլոգիական կլաստերը, կլինեն 3600 ուսանողի համար նախատեսված կացարաններ, կկառուցվեն անհրաժեշտ ճանապարհային ենթակառուցվածքները, ինչպես նաև մշակութային բազմաֆունկցիոնալ սրահը»,- նշում է Անդրեասյանը։

Զուգահեռաբար ընթանալու են նաև Ազգային ստադիոնի նախագծման աշխատանքները, նշում է նախարարը: 

Ֆինանսավորում և ներդրումներ

Ներկայում նախագծի նախապատրաստական աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեից, սակայն կառավարությունը ակնկալում է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածություն։ Անդրեասյանի խոսքով՝ ներդրումային ծրագրի մշակման համար ներգրավվել է միջազգային խորհրդատվական ընկերություն, և աշխատանքները գտնվում են ամփոփման փուլում։

Բոլովորին վերջերս` հոկտեմբերի 30-ին, կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 6,6 մլն բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք ՀՀ դրամ հատկացրեց Լոնդոնի Համալսարանական Քոլեջի (UCL) դուստր «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» կազմակերպությանը: Վերջինս այդ գումարի դիմաց Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայություններ է տրամադրելու՝ «Հայաստանի բարձրագույն մանկավարժական կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով»: Այս ծառայության համար նախատեսված գումարը կազմակերպությանը վճարվելու է հինգ տարվա կտրվածքով:

«Մենք խոսում ենք իրական քաղաքի մասին՝ տարբեր բաղադրիչներով... ազգային ստադիոնը, մշակութային ենթակառուցվածքները, ուսանողական կացարանները. սրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ առանձին ներդրումային փաթեթ»,- նկատում է նախարարը՝ հավելելով, որ այդ նպատակով առաջիկայում նախատեսվում է անցկացնել ներդրումային համաժողով։

Բովանդակային փոփոխություններ

Նախարարը հերքում է քննադատությունները, թե ծրագիրը սահմանափակվում է միայն շենքային պայմանների բարելավմամբ՝ չբերելով բարձրագույն կրթությունում որակական փոփոխություններ։ Նա ընդգծում է, որ ֆիզիկական տեղափոխությանը զուգահեռ ընթանում է բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ինստիտուցիոնալ միավորման գործընթաց՝ կլաստերների տեսքով։

«Այն, ինչ այսօր կա, չի կարող մեխանիկորեն տեղափոխվել Ակադեմիական քաղաք»,- շեշտել է Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր կլաստերի համար ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք գործում են միջազգային հեղինակավոր բուհերի ուղեկցությամբ։ Մասնավորապես, տեխնոլոգիական կլաստերի բովանդակությունը մշակվում է Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ գործակցությամբ։ Օրակարգում ոչ միայն նոր կրթական ծրագրերի ներդրումն է, այլև ստարտափ էկոհամակարգերի ձևավորումն ու գիտելիքի առևտրայնացման մեխանիզմների ստեղծումը։

Բովանդակային ռեֆորմի առանցքային նպատակներից է վերացնել բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա խզումը։ Նախատեսվում է մասնավոր ընկերությունների ֆիզիկական ներկայությունը Ակադեմիական քաղաքում, ինչը ուսանողներին հնարավորություն կտա ուսումնառությանը զուգահեռ ներգրավվել պրակտիկ աշխատանքում։

«Ժամանակակից կրթությունը ոչ այնքան գիտելիքի փոխանցման մասին է, որքան հմտությունների ձևավորման, որպեսզի մարդը կարողանա յուրաքանչյուր իրավիճակում սովորելու հնարավորություն ունենալ»,- նշում է Անդրեասյանը՝ հավելելով, որ գործատուները պետք է ուղիղ մասնակցություն ունենան կրթական ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների որոշման հարցերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում