Նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ դաժան ծեծի են ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ դեպքի առթիվ մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով:
«Միջնորդությունը բավարարվել է. չորսի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք: Կալանքի ժամկետը լրանալուց հետո կոմիտեն դիմել է կալանքը երկարաձգելու միջնորդությամբ, դատարանը մերժել է»,- ասաց Ավդալյանը:
Կիրառված պատիժը կրելուց հետո բռնություն կիրառած անչափահասներն ազատ են արձակվել և այժմ ազատության մեջ են: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարույթը շարունակվում է, կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Դեպքի առնչությամբ փաստաբան Դավիթ Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը մի խումբ անձանց կողմից պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ:
«Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար»,- գրել է փաստաբանը:
ՍիվիլՆեթը չի հրապարակում տեսանյութը, քանի որ այն պարունակում է բռնության կադրեր և հայհոյանքներ։
Civilnet











