Գլխավոր Լրահոս

Բռնության կանխարգելման մեխանիզմների բացակայությունը նպաստում է անընդունելի միջադեպերի առաջացմանը. ՄԻՊ

Բռնության կանխարգելման մեխանիզմների բացակայությունը նպաստում է անընդունելի միջադեպերի առաջացմանը. ՄԻՊ

Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանի գնահատմամբ՝ նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։

Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։

Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։

Նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ դաժան ծեծի են ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ դեպքի առթիվ մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում