Գլխավոր Լրահոս

«Տղաները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ, շոկի մեջ ենք». դպրոցի տնօրենի պաշտոնակատար

«Տղաները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ, շոկի մեջ ենք». դպրոցի տնօրենի պաշտոնակատար

Սիրանուշ Ադամյան

«Շոկի մեջ ենք տեղի ունեցածից». Զորական գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն այսպես է արձագանքել համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի ենթարկում իրենց հասակակցին։ ՍիվիլՆեթը զրուցել է նաև փաստաբանի ու երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների հետ։

Տեսանյութը նոյեմբերի 27-ին տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը՝ նշելով, որ ծեծի ենթարկողները Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ են, բռնության զոհը Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող ուսանող է։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերին։

ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմել է Զորական գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին. «Մենք շատ ուշ ենք իմացել այդ դեպքի մասին, բայց այդ աշակերտները առաջին դասարանից հաճախում են մեր դպրոց, շատ պարտաճանաչ, կարգապահ, խելոք, ոչ մի անգամ ոչ մի կոնֆլիկտի մեջ չենք տեսել մենք այդ երեխեքին։ …Այդ քոլեջի աշակերտն էլ մեր դպրոցում է սովորել՝ մինչև իններորդ դասարան, միշտ ընկերական, այդ երեխեքը նրան օգնել են, աջակցել»։

Նրա խոսքով՝ դեպքը դպրոցի ժամին չի եղել, այլ դասերից հետո։ Երբ ոստիկանությունը սկսել է զբաղվել դեպքով, այդ ժամանակ են իմացել։

Հարցին, թե դպրոցն ինչ-որ կարգապահական միջոցառումներ արե՞լ է դեռահասների նկատմամբ, տնօրենը պատասխանեց. «Այդ աշակերտները հիմա նստած են դասերին, խելոք, կարգապահ… Իրենք էլ շատ զղջում են հիմա իրենց արածի համար, մեր հոգեբանին ասում ենք, որ անընդհատ աշխատեն նրանց հետ»,- ասում է տնօրենի պաշտոնակատարը։ 

Ի՞նչ են պարզաբանել Քննչական կոմիտեից

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Սիվիլնեթին հայտնել է, որ դեպքի առթիվ մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել: Կոմիտեն 5 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացրել: Միջնորդությունը բավարարվել է. չորսի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք: Կալանքի ժամկետը լրանալուց հետո կոմիտեն դիմել են կալանքը երկարաձգելու միջնոր։ Կիրառված պատիժը կրելուց հետո բռնություն կիրառած անչափահասներն ազատ են արձակվել և այժմ ազատության մեջ են: Բայց վարույթը շարունակվում է:

Ինչպե՞ս պետք է վարվի իրավական համակարգը նման դեպքերում

ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբան Դավիթ Թումասյանն ասաց, որ անչափահասների կողմից կատարված արարքներին տրվել է գնահատական՝ ելնելով իրենց տարիքից։

«Քանի որ նրանք 16 տարին լրացած չեն, հետևաբար ֆիզիկական ուժեղ ցավ, ծանր հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմով չեն կարող ենթարկվել պատասխանատվության. այդ հոդվածի դեպքում պատասխանատվության տարիքը 16 տարեկանից է, բայց նրանց արարքի մեջ կան խուլիգանության և մարդուն առևանգելու հատկանիշներ, որոնց համար պատասխանատվությունը սկսվում է 14 տարեկանից. հենց այդ երկու հոդվածով է նախաձեռնված վարույթը»։

Թումասյանի խոսքով՝ նման դեպքերում կարող է նշանակվել ազատազրկում և հետագայում փոխարինվել պայմանական դատապարտմամբ (երբ նշանակված պատիժը դատապարտյալի նկատմամբ ի կատար չի ածվում՝ պայմանով, որ նա սահմանված փորձաշրջանում նոր դիտավորյալ հանցագործություն չի կատարի):

Փաստաբանը նաև նշեց, որ անչափահասների արդարադատության համատեքստում գործում է Աբովյան քրեակատարողական հիմնարկը, որտեղ իրականացվում է ազատազրկման ձևով պատիժը։

Գործում է նաև պրոբացիայի ծառայությունը, որտեղ իրականացնում են ազատությունից զրկելու հետ չկապված բոլոր պատիժները՝ տուգանք, հանրային աշխատանք, ինչպես նաև այնտեղ են գտնվում այն շահառուները, որոնց նկատմամբ իրականացվել է պայմանական դատապարտում կամ պայմանական վաղաժամկետ ազատում, այսինքն այդ երկու մարմինների միջև է լինելու երեխաների հետ աշխատանքի պարտականության բաշխումը։

Ինչպե՞ս կանխարգելել նման դեպքերը

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ խնդիրը խորն ու բազմաշերտ է և պահանջում է համալիր մոտեցում։ Նրա խոսքով՝ շեշտը հենց կանխարգելման վրա պետք է դնել։

«Այստեղ միջգերատեսչական մարմինները պիտի հավաքվեն և ռազմավարություն մշակեն՝ սկսած մշակույթից, հեռուստատեսությունը ողողված սերիալներից, որտեղ հենց այդ մշակույթն է քարոզվում, կրթությունից, սոցիալական, արդարադատություն և այլն։ Անչափահասների կողմից արված հանցագործությունների թիվը աճում է։ Այստեղ լուրջ աշխատանք է պետք»,- նշել է Գարանֆիլյանը:

Գարանֆիլյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնախումբ և մշակել անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն, որը կներառի բոլոր ոլորտները՝ մշակույթից մինչև արդարադատություն:

Դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Պաշտպանի գնահատմամբ՝ նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին: Հաղրոդագրությունում նշվում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում