Գլխավոր Լրահոս

Ինչ է պետք իմանալ առողջության ապահովագրության մասին

Ինչ է պետք իմանալ առողջության ապահովագրության մասին

Լիա Ավագյան

2026-ից նվազագույնը 200,000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատող քաղաքացիները իրենց աշխատավարձից ամսական 10,800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Դա պարտադիր է լինելու առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում։ Տարեկան գումարը՝ 129,600 դրամ կլինի։

Նոյեմբերի 20-ին կառավարությունը հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը. այն ներառում է հիմնական օրենքը և հարակից նախագծեր, որոնք արդեն ուղարկվել են Ազգային ժողով՝ քննարկման:

Համակարգի մասնակից կդառնան այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են հարկերով՝ 200,000 դրամից բարձր աշխատավարձ, մաքուր մոտ՝ 147 հազար դրամ։ Ապահովագրությունից անվճար կօգտվեն մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիներին։ Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:

Մասնագետները նախագծում բացեր են տեսնում

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ առաջարկվող խառը մոդելը կարող է դժվար կիրառելի լինել Հայաստանի համար։ Փորձագետը նաև նկատում է, որ թե՛ պոլիկլինիկական, թե՛ հիվանդանոցային օղակները ներկայում չունեն բավարար ներուժ՝ սպասարկելու ակնկալվող դիմելիության կտրուկ աճը։ 

Ծաղիկ Վարդանյան, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ, նախագահ 

«Խնդիր է լինելու, այսօրվա պոլիկլինիկական ենթակառուցվածքը և դրանում գործող գործառնական և թվայնացման մակարդակը բավական ցածր է, առաջընթաց կա, բայց ցածր է, դեռևս ունենալու ենք լուրջ խնդիրներ»,- ասում է փորձագետը։ 

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի խոսքով՝ այս նախագծով քաղաքացիները ստիպված կլինեն երկար սպասել, որ ընտանեկան բժիշկը ուղեգիր տա։ Փորձագետը ասում է, որ նախագիծը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, և դրանք նախապես պետք էր գնահատել և կարգավորել․ «Պետք է գույքագրվեին խնդիրները, պետք է գնահատականներ տրվեին, նոր անցնեին կիրառմանը»։

Անուշ Պողոսյան, «Առողջության իրավունք» ՀԿ, նախագահ

Քաղաքացին պետք է դիմի պոլիկլինիկա

Ապահովագրության շրջանակներում քաղաքացին գանգատների դեպքում պետք է դիմի նախևառաջ պոլիկլինիկա, որ ախտորոշում արվի։ Ապահովագրական ծառայություն կարող են մատուցել միայն այն բուժհաստատությունները, որոնք կստանան լիցենզիա նախարարության կողմից։ Փորձագետ Անուշ Պողոսյանի խոսքով՝ բժշկական կենտրոններին ներկայացվող նոր պահանջները ստեղծում են ընտրողականություն․ թեև բոլոր կենտրոնները լիցենզավորված են պետության կողմից, այժմ առաջարկվում է դրանցից միայն մի մասին թույլ տալ ապահովագրական ծառայությունների մատուցում։ 

«Այստեղ քաղաքացու իրավունքն են խախտում, օրինակ՝ քաղաքացին, որը ուզում է իր տան մոտ գտնվող, հարմար բժշկական կենտրոնին դիմել կամ այն բժշկին, որին վստահում է և ստանալ ապահովագրություն։ Նա ստիպված է լինելու մեկ այլ տեղ դիմել, որովհետև այդ բժշկական կենտրոնը կարող է չսպասարկել ապահովագրությունը»,- ասում է Անուշ Պողոսյանը։

Նախարարությունը կմեղմի վճարման բեռը

Նախարորությունից ասում են, որ վճարման բեռը մեղմելու համար պետությունը 200,000-500,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա՝ 5 500 դրամի փոխարեն՝ Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4 500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: Եվ եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 6,000 դրամ:

500,000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձինք կարող են 8,500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 7,500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը: Հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ ամսական 4000 դրամ:

1մլն  դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք հնարավորություն կունենան 2027-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ հետ ստանալ 4000 դրամ:

Առանց առողջության ապահովագրության ներդրման քաղաքացիները հնարավորություն ունեն, հայտարարագիր լրացնելով, եկամտային հարկի որոշ մասը վերադարձնել։ Իսկ եթե քաղաքացին արդեն օգտվում է հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտային հարկի վերադարձի ծրագրից, ապա արդեն ամբողջությամբ հետ է ստանում իր եկամտային հարկը։ Սա նշանակում է, որ առողջության ապահովագրությամբ եկամտային հարկ այլևս հետ չես ստանալու։

Պարզ է միայն մատուցվող ծառայությունների շրջանակը. փաթեթներ չկան

Ըստ նախարարության՝ առողջության ապահովագրության վճարների դիմաց քաղաքացիներին կմատուցվեն կանխարգելիչ, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծառայություններ, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ և այլն։ Սա միայն մատուցվող ծառայությունների շրջանակն է։

Դեռ ներկայացված չի, թե ինչ փաթեթներից և ինչքան կարող են օգտվել քաղաքացիները, իսկ թե ինչ հաշվարկների հիման վրա է որոշվել 10,800 դրամ ամսական ապահովագրավճարը, պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը ասում է․ «Բոլոր գործողությունների ծախսերը հաշվարկել և ստացել ենք որոշակի գումար, որը բաշխելով ապահովագրված անձանց թվաքանակի վրա՝ ստացել ենք ապահովագրավճարի չափը»։  

Սամվել Խարազյան, Պետական առողջապահական գործակալության պետ

Փորձագետ Ծաղիկը Վարդանյանը անարդար է համարում այն, որ ընտրվել է ապահովագրավճարի «բացարձակ թվով» վճարման տարբերակը։ Նրա խոսքով՝ սա բերում է իրավիճակի, երբ միջին եկամուտ ունեցող ընտանիքներն իրականում վճարելու են թե՛ բարձր եկամուտ ունեցողների, թե՛ սոցիալական խոցելի խմբերի համար։ 

«200-ից մինչև 500 հազար աշխատավարձ ստացողի համար դա հենց չորս-հինգ տոկոս է կազմելու, բայց արդեն մեկ մլն, երկու մլն, երեք մլն աշխատավարձ ստացողների համար դա ընդամենը փոքր տոկոս է։ Ստացվում է, որ ֆինանսական հիմնական բեռը ընկնում է միջին եկամուտներ ունեցող քաղաքացիների վրա»,- ասում է փորձագետը։

10,800-ը հա՞րկ է

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ոլորտը չի ցուցաբերում անհրաժեշտ արդյունավետություն, իսկ նոր ֆինանսական հոսքերը կարող են ուղղվել համակարգի «անցքերը փակելուն»՝ առանց որակական փոփոխությունների։ Իսկ տարեկան մոտ 130,000 դրամ գանձելու մեխանիզմը փաստացի դառնում է նպատակային հարկ։ 

«Նախատեսվում է, որ այդ 130,000 դրամ գումարը պետք է բաշխվի ամբողջ տարվա համար, և այդ գումարի գանձումը, ըստ էության, դառնում է նպատակային հարկ։ Սա ևս հակասում է մեր օրենսդրությանը, հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը։ Ասում են՝ մենք հանրությունից գանձում ենք նպատակային հարկ՝ առողջության համար, մի օր էլ կարող են ասել՝ եկեք հարկ վերցնենք բանակաշինության համար, մի օր՝ հարկ վերցնենք ծառերի համար։ Նպատակային հարկը անտրամաբանական է այս պարագայում»,- ասում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյան, տնտեսագետ

Ինչ պետք է անեն մասնավոր ապահովագրականներից օգտվողները

Իսկ ի՞նչ անեն այն գործատուները, որոնք արդեն ունեն կնքված ապահովագրավճարներ և ի՞նչ է լինելու ապահովագրական ընկերությունների և այն պայամնագրերի հետ, որոնք արդեն կնքված են։ 

Այն ծառայությունները, որոնք առաջարկվելու են առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում, ապահովագրական ընկերությունները չեն կարող առաջարկել։

«Բնականաբար, ապահովագրական պայմանագրերը, որոնք կնքված են պետական ապահովագրության մասով, այդ գումարները կփոխանցվեն հիմնադրամ, իսկ այն ավել մասով մասնավոր ապահովագրականները պետք է ուղղակի ռեստրուկտուրիզացիա անեն իրենց փաթեթը, այնտեղ առաջարկեն այն ծառայությունները, որոնք այստեղից դուրս են մնացել»,- ասում է Պետական առողջապահական գործակալության պետը։ 

Համակարգի ներդրման համար ստեղծվելու է առանձին հիմնադրամ, որի ղեկավարությունն ու անձնակազմը կնշանակվեն մրցույթով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ հիմնադրամի կառավարումը դեռ հստակ չէ։ Նրա կարծիքով՝ անհայտ է, թե ֆոնդը ինչ սկզբունքով կաշխատի, ինչպես կբաշխվեն միջոցները և ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են նախատեսված։

Անուշ Պողսյանի խոսքով՝ նախագծում հրատապության չափորոշիչներ չկան, որոշումները կարող են լինել սուբյեկտիվ։ Սա նշանակում է, որ մարդիկ վճարելու են, բայց հնարավոր է երկար սպասեն կամ դիմեն վճարովի ծառայության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում