Քննիչն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ապօրինաբար զրկել է մի շարք իրավունքներից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ նոյեմբերի 28-ին քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով ստացել է ծանուցում այն մասին, որ քննիչի կողմից նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։ Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։
Փաստաբանը նշում է, որ քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։
Նրա խոսքով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ունեին միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, ներկա լինելու փորձաքննության կատարմանը, պարզաբանումներ տալու փորձագետին, բայց քննիչն այս հնարավորություններից զրկել է։
«Մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին, այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն»,- նշում է փաստաբանը։
Նրա խոսքով՝ քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։
Արսեն Բաբայանը շեշտում է, որ Արշակ Սրբազանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից «օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։
Civilnet











