Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի գործով դատաքննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին

ՍիվիլՆեթն ընդդեմ Ավինյանի գործով դատաքննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին

Գևորգ Թոսունյան

Դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՍիվիլՆեթն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով դատաքննությունը, եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 22-ին։

Դատական նիստի սկզբում հետազոտվեց այն տեսանյութը, որում Տիգրան Ավինյանն արել է «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը։

Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի։

Այնուհետև դատարանը քննարկեց մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ աղբի մասին բացատրական բառարանների սահմանումները, ինչպես նաև Ժուռնալիստների միության հայտարարությունը, որտեղ դատապարտվել է Ավինյանի գործողությունները։ Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել այս հայտարարությունը՝ պնդելով, որ Քաղաքացիական դատավարության նորմերի համաձայն որևէ ապացույց չի ներկայացվել դրա իսկության վերաբերյալ։

ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը դատարանում ասաց, որ հետազոտված ապացույցներով հիմնավորվում է հայցը։

«Հետազոտված ապացույցներով, այդ թվում՝ տեսանյութով, ակնհայտ է, որ վիճարկվող արտահայտությունը վերաբերել է հենց հայցվորին»,- ասաց Կարեն Տոնոյանը։

Վահագն Գասպարյանն էլ անդրադաձրավ Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությանը՝ նշելով, որ այն ևս վերաբերելի չէ գործին նորից նույն հիմնավորմամբ՝ ապացույցներ չկան՝ դրա իսկությունը պարզելու համար։ Խորհուրդի եզրակացության համաձայն Ավինյանի արտահայտությունն ուղղված է եղել ՍիվիիլՆեթին։ 

«Փաստաթղթի վրա նշված է «Եզրակացություն», քաղաքացիական դատավարությունը ներկայացնում է, թե որն է փորձագետի եզրակացությունը, բայց այս դեպքում մենք չգիտենք՝ այդ անձինք մասնագետ են, թե ոչ»,- ասաց փաստաբանը։

Նա նաև ասաց, որ որևէ ապացույց չի ներկայացվել, որ Ավինյանի խոսքը հենց ՍիվիլՆեթին է վերաբերել։

Վահագն Գասպարյանը հիշեցրեց «Տիգրան Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի» վճռի մասին՝ դատավորին խնդրելով այն ներառել։

«Վճիռը հրապարակման պահի՞ց է ուժի մեջ մտել»,- հետաքրքրվեց դատավոր Տիգրան Գրիգորյանը, ինչին ի պատասխան՝ Վահագն Գասպարյանը նշեց, որ դեռևս ուժի մեջ չի մտել, իսկ ՍիվիլՆեթի ներկայացուցիչը հավելեց, որ այն բողոքարկվել է։

Կարեն Տոնոյանը, անդրադառնալով վճռին, նշեց, որ, ըստ էության, այն կապված չէ այս գործի հետ․ «Միակ կապը, որ կարող ենք տեսնել, այն է, որ Հայկ Մարությանը խոսում է այդ հոդվածի մասին, ինչին ի պատասխան էլ Ավինյանը հայտնի արտահայտությունն է անում։ Իմ համոզմամբ՝ այդ վճիռն ուղիղ կապված չէ այս գործի հետ»,- ասաց Տոնոյանը։

Դատավորն արձանագրեց, որ դատական ակտը դեռևս ուժի մեջ չի մտել։ Նա հավելեց, որ այդ ապացույցը վերաբերելի չէ վեճին։

Հայցերն ու պահանջները

Քաղաքացիական այս հայցով Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) Տիգրան Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր հերթին դատական հայց էր ներկայացրել ՍիվիլՆեթի դեմ՝ կապված «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածի հետ և պահանջում էր հերքում և 3 մլն դրամ։ Դատարանը մերժել էր ֆինանսական փոխհատուցումը, բայց բավարարել էր հերքման պահանջը։ Այս վճիռը, սակայն, բողոքարկվել է ու ուժի մեջ չի մտել։ Ավինյանի հայցը Սիվիլիթասի դեմ նախորդել է Սիվիլիթասի հայցին նրա դեմ։

ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննությունը բացահայտել էր, որ 2018-2021-ին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը:

Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում