Փաստաբան Արսեն Բաբայանը կասկած չունի, որ դատարանը բավարարելու է Քննչական կոմիտեի միջնորդությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվելու է: Փաստաբանի համոզմամբ՝ «սա քաղաքական որոշում է»:
«Գնում եմ վերցնեմ երկու ամսյա կալանքի որոշումը։ Արդեն կա այդ որոշումը, վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը»,- ասաց Բաբայանը։
Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը ձերբակալվել է: Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ:
Բաբայանը հայտնեց, որ Արշակ արքեպիսկսպոսի դեմ ցուցմունք չկա: Ըստ փաստաբանի՝ ենթադրության հիման վրա են գործ հարուցել:
«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018-ից քննվող գործի վերջին նիստը 2025–ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել:
Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ»,- ասաց Բաբայանը:
***
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նոյեմբերի 27-ին իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ է շրջանառության մեջ դրել․ մի խումբ եպիսկոպոսներ դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ արք․ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Հայտարարության տակ 13 եպիսկոպոսի անուն կա, որոնցից մի մասը ստարագրել է հայտարարությունը։
Դրանում ասվում է, որ փորձաքննությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արք․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները:
Մայր Աթոռից հայտնել են, որ այդ հայտարարությունը խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Նշվել է, որ հանձնախումբը որևէ նիստ չի գումարել, հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Հանձնախումբը նաև պաշտոնական դիմում չի կատարել Քննչական կոմիտե՝ վիճելի տեսանյութի փորձաքննության համար։
Նույն օրը նրանք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։
Civilnet











