Գլխավոր Լրահոս

Սպանությունները շատանում են, դատարանները՝ ծանրաբեռնվում անավարտ գործերից

Սպանությունները շատանում են, դատարանները՝ ծանրաբեռնվում անավարտ գործերից

Գևորգ Թոսունյան

Նարեկ Խաչատրյան

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ երկիրը շարունակում է մնալ աշխարհի ամենաանվտանգ անկյուններից մեկը, սակայն իրավապահ և դատական համակարգի ներքին վիճակագրությունը բացահայտում է մեկ այլ՝ առավել մռայլ իրականություն։ Սպանությունների թիվը 2018-ից ի վեր կրկնապատկվել է, իսկ դատարանները ծանրաբեռնվել նոր գործերով։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի պնդմամբ՝ Հայաստանում սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության ընդամենը 0,2%-ը, իսկ 100,000 բնակչի հաշվով սպանությունների ցուցանիշը (մոտ 2 դեպք) զգալիորեն ցածր է համաշխարհային միջինից (5,8)։ 

«Մեր երկիրը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը»,- վստահեցնում է նախարարը՝ շեշտելով, որ կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չկան։

Այս լավատեսական հայտարարությունները, սակայն, բախվում են թվային «սառը ցնցուղին», որը մատուցում է գլխավոր դատախազության և դատական իշխանության վիճակագրությունը։

35-ից 63. աճի դինամիկան և պատճառները

Դատախազության պաշտոնական տվյալները ցույց են տալիս կայուն աճ։ Եթե 2018 թվականին հանրապետությունում արձանագրվել էր սպանության 35 դեպք, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 63-ի։

Առավել ուշագրավ է աճի բովանդակային կողմը։ Դատախազության տարեկան ամփոփումները, որոնք ներկայացվում են Ազգային ժողովին, պարունակում են ոչ միայն թվային տվյալներ, այլև ուշագրավ վերլուծություններ։ 

2020-ի զեկույցում դատախազությունը խոստովանեց, որ սպանությունների թվում շարունակել են գերակշիռ մաս կազմել հրազենի գործադրմամբ դեպքերը։ Ավելին, արձանագրում կա, որ այդ դեպքերի շարքում զգալի մաս են կազմում այնպիսիք, որոնք նախկինում կատարված հանցագործության դեպքերի շարունակությունն են։ 2021-ին էլ պնդում կա, որ նախկինում հանցագործություն կատարածներն են սպանության հեղինակները։ Նշվում էր, որ պետք է օպերատիվ վերահսկողություն իրականացնելու համապատասխան մեխանիզմները կատարելագործել։ 

2022-ին էլ վերլուծել են ու պարզել, որ սպանությունների մի մասն արդյունք է տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով՝ իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված մահվան ելքը կանխելուն: 

Դատական համակարգում գործերը գնալով կուտակվում են

Մինչ իրավապահները պայքարում են փողոցում հանցավորության դեմ, դատական համակարգում գործերը գնալով կուտակվում են։ 

Մինչ նախարարը խոսում է թվերի նվազման մասին, դատական վիճակագրությունը ահազանգում է կոլապսի մասին։ Եթե 2023-ին նախորդ տարվանից փոխանցված սպանության գործերը ընդամենը 20-ն էին, ապա 2025-ի առաջին կիսամյակում այդ թիվը հասել է 168-ի։ Այսինքն՝ դատարանները չեն հասցնում դատավճիռ կայացնել, և գործերը տարեցտարի կուտակվում են։ 2025-ի առաջին կիսամյակում ստացվել է ևս 53 նոր գործ, արդյունքում տարվա ընթացքում դատարաններում կուտակվել է 221-ը, բայց կայացվել է ընդամենը 6 վերդիկտ ու 11 դատավճիռ։

Արդարադատության ուշացումը՝ նոր հանցագործությունների պատճառ

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը պատահականություն չէ, այլ տարիներ շարունակ գեներացված ատելության և արդարադատության բացակայության կուտակային հետևանք։

«Արդարադատության բացակայությունը աքսիոմատիկ կերպով բերում է նրան, որ մարդիկ գտնում են այլ ճանապարհներ՝ իրենց վրեժը լուծելու։ Եթե կոնկրետ դեպքը չի բացահայտվում, մեղավորները չեն պատժվում, սկսվում են նոր դեպքեր, հաշիվներ մաքրել։ Դա կարող է լինել դանակահարություն, ծեծ, գույքի վնասում։ Արդյունքում, թվերը կարող են լինել, բայց մարդկային առումով որևէ մեկը իրեն ապահով չի զգում»,- նկատում է Նինա Կարապետյանցը։

Հակադարձելով այս պնդումներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խնդրի արմատները տեսնում է սոցիալական դաշտում։ Նա վստահեցնում է, որ պայքարը տարվում է պատճառների, այլ ոչ թե հետևանքների դեմ։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր հանցագործություններն ունեն խորը արմատներ: Դրանց հիմնական պատճառները մեծամասամբ սոցիալական, կրթական և առողջապահական բնույթի խնդիրների հետևանք են: Ուստի կանխարգելման աշխատանքները իրականացնում ենք հենց պատճառների հաղթահարման տրամաբանությամբ»,- նշում է Սարգսյանը։

Մինչ կողմերը բանավիճում են խնդրի սոցիալական կամ իրավական բնույթի շուրջ, չբացահայտված կամ դատարաններում կուտակված սպանությունների գործերը շարունակում են մնալ անորոշության մեջ՝ հիմք ստեղծելով հանցավորության նոր շղթայի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում