Գլխավոր Լրահոս

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ արքեպիսկոպոսին մեղսագրվող թմրամիջոցի իրացման գործի մասին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել  Արշակ արքեպիսկոպոսին մեղսագրվող թմրամիջոցի իրացման գործի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղսագրվող գործի վերաբերյալ:

Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանն այսօր 2 ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ:

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել և քննության են առնվել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներ:

Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր պանթեոն»-ին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի լվացում կատարելու դեպքերը և այլն):

Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը` անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ:

Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

2025-ի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն  իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով  ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում