Գլխավոր Լրահոս

Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի չէ արցախցիների վերադարձի հետ. խորհրդարանական լսումներ

Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի չէ արցախցիների վերադարձի հետ. խորհրդարանական լսումներ

Հայկ Ղազարյան

Արցախի տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից չի նշանակում հանրապետության գոյության դադարում. այսպիսի հայտարարություն արեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։ Լսումներին ներկա պաշտոնյաները քննադատեցին Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ու պահանջեցին պահպանել Արցախի հարցը միջազգային օրակարգում։

«Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարը շարունակվում է։ Մեր հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի, այլ երգ չի կարող գոյություն ունենալ։ 2020 և 2023 թվականների ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիաները, որոնց ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, վարձկաններ և իրականացվեցին ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, նպատակ ունեին ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Այդ հանցագործությունների հետևանքով մեր ժողովուրդը ստիպված եղավ ապաստան գտնել մայր Հայաստանում», - ասաց Դանիելյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը՝ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցման։ «Մինսկի խմբի լուծարումը իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը ու էթնիկ զտումը և անտեսում 150,000 մարդու սեփական հայրենիք վերադառնալու և ինքնորոշման անօտարելի իրավունքը»,- նշեց Դանիելյանը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը նշեց, որ դժվար է խոսել վստահության մթնոլորտի մասին այն պայմաններում, երբ Հայաստանում Արցախի հարցը համարվում է փակված, Ադրբեջանը այն լուծված է համարում, իսկ միջազգային հանրությունն աջակցում է գործընթացին՝ ելնելով իր շահերից։

«Տարիներով աշխատանքներ էին տարվում մինչև 2020 թվականի պատերազմը, և հիմա էլ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ փորձում են այն տպավորությունը ստեղծել, թե մի կողմից Հայաստանում հարցը փակված է, մյուս կողմից Ադրբեջանը այն լուծված է համարում։ Չպետք է մոռանալ, որ այդ նույն միջազգային հանրությունն էր, որ մի քանի տարի առաջ առաջարկում էր Ադրբեջանի հետ ինտեգրվել և համակեցությամբ ապրել։ Բավականին անելիքներ կան»,- ասաց Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ Արցախի հարցը օրակարգում պահելը միջազգային հարթակներում շատ կարևոր է ոչ միայն Արցախի և արցախցիների, այլև Հայաստանի ապագայի համար. «Սա կարող է օգտագործվել նաև որպես լծակ՝ հետագայում բանակցային գործընթացում որպես գործիք ինչ-որ նպատակի հասնելու, ելակետային դիրքերը ուժեղացնելու համար։ Արցախի հարցը տարածքային վեճ չէ, այն հիմնարար իրավունքների խնդիր է և արդարադատության հարց, որը վաղեմության ժամկետ չունի»։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը և այն դարձնել «մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար»:

«Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, առանց հակամարտության գլխավոր կողմի՝ Արցախի համաձայնության, լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայրենազրկվելով՝ Արցախի ժողովուրդը կրել է մարդկային, նյութական, բարոյահոգեբանական ծանր կորուստներ։ Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է հետ վերցնել արդարադատության միջազգային ատյաններում հարուցված գործերը։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է փոխել սահմանադրությունը և ընդունել 300,000 ադրբեջանցի փախստական»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ չափազանց կարևոր է շարունակաբար արձանագրել, որ փախստականների խնդիրն առաջացել է խաղաղ պայմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքում՝ ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների գործընթացի խափանման միջոցով։

Թորոսյանը նաև հավելեց, որ Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի չէ արցախցիների վերադարձի հետ, այն համադրելի է Ադրբեջանից հայ փախստականների դեպքի հետ. «Հայ փախստականների թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանցի փախստականների թիվը, սակայն զարմանալիորեն չեն արծարծում Ադրբեջանից այդ հայ փախստականների վերադարձի խնդիրը։ Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ կիրառվում է պահանջների փոխադարձ մարման գաղափարը, որի արծարծման դեպքում կմարի Ադրբեջանի ոգևորությունը փախստականների վերադարձի խնդրով։ Կարևոր են նաև նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքների ոչնչացման համար Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը, համակարգված ու կազմակերպված քարոզչության խնդիրը և այլն»,- ասաց Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակը։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ որոշակի բարելավումների արդյունքում նկատվել է բնակարանային աջակցության ծրագրի դիմելիության աճ, բայց տեղահանությունից երկու տարի անց այդ ծրագրով բնակարան կարողացել է ձեռք բերել 25,000 տեղահանված ընտանիքներից ընդամենը 1,500-ը։

«Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ առաջարկվող ծրագրերը որևէ ձևով չեն խթանում կամ աջակցում արցախցիների հավաքական, կոմպակտ բնակեցմանը։ Մեր պնդումներին և առաջարկներին կառավարության կողմից միշտ պատասխան է հնչում, որ իրենք շահագրգռված չեն արցախցիների գետոյացման հարցում, ինչը, կարծում եմ, հիմնազուրկ պնդում է։ Հավաքական բնակվելը, հատկապես նույն ազգի ներկայացուցիչների դեպքում, որևէ ձևով գետոյացման չի կարող հանգեցնել»,- ասաց Ստեփանյանը։

Խորհրդարանական լսումներին ներկա չէր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։ Նա այն եպիսկոպոսներից է, որը պահանջում է Վեհափառի հեռացումը։ 

Այսօրվա խորհրդարանական լսումներին օրհնանքի խոսք ասաց Դադիվանքի նախկին քահանա Տեր-Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում