Սևանի ափամերձ հատվածներից պետությանը վերադարձված կամ քանդման ենթակա ապօրինի գույքերի թվում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և ՍԴ նախկին նախագահի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները։ Դեկտեմբերի 11-ին կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ»,- ասաց Գլխավոր դատախազը։
Վարդապետյանը ներկայացրեց, որ Գլխավոր դատախազության հայցի արդյունքում արդեն իսկ պետությանն է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողատարածքը, որն ամրագրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը, քանի որ պարզվել էր, որ այն կառուցապատման իրավունքով տրամադրվել էր արդեն իսկ կառուցապատված վիճակում։
«Եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ, դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել և դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող և չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ»,- ասաց Վարդապետյանը։
Հաշվի առնելով որոշ գույքերի հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործելու անհրաժեշտությունը, Վարդապետյանը նշեց, որ դրանք կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել։
Ներկայացված տվյալներով, Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև 40,900 քմ հողատարածքի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիրը լուծելու ուղղությամբ, քանի որ հողամասը տրամադրելու պահին այնտեղ արդեն իսկ եղել է ինքնակամ կառուցված 382,5 քմ շինություն։
Civilnet











