Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում, որ ազատազրկման մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատության համար պաշտպանների կողմից ներկայացված դիմումը կբավարարվի։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնել է, որ նախարարությունն այսօր է ստացել պաշտպանների դիմումը։
«Մենք այսօր ենք ստացել դիմում և միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով, կնայենք, ընթացք կտանք։ Ես հնարավոր եմ համարում, որ Աջապահյանի վիրահատության համար դիմումը կբավարարվի»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը պարզաբանեց, որ մինչ այս իրենք չէին ստացել այնպիսի դիմում, որը համապատասխաներ պահանջի ընթացակարգերին։
«Դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի, նման դիմում չենք ունեցել»,- ասաց Ավանեսյանը։
Դեկտեմբերի 8-ին Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն էր հրապարակել, որում նշվում է, որ իրենք հոկտեմբերի 7-ից մի քանի դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարության Քրեակատարողական ծառայությանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ պահանջելով կազմակերպել Սրբազանի վիրահատությունը իր միջոցներով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, սակայն պաշտպանները դժգոհ են ՊՈԱԿ-ի դանդաղկոտությունից և ոչ հստակ դիրքորոշումից։ Դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ ՊՈԱԿ-ը նոյեմբերի 28-ի գրությամբ, թեև ընդունել է պլանային վիրահատության անհրաժեշտությունը և նշել, որ Սրբազանը հրաժարվել է անվճար բուժօգնությունից, բայց հստակ դիրքորոշում չի հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր հաշվին վիրահատվելու խնդրանքի վերաբերյալ, իսկ նախապես Սրբազանին առաջարկել էին ընտրել այլ հիվանդանոց։
Նախարար Ավանեսյանը բացառեց, որ այսօր ՔԿՀ-ում կա որևէ անձ, ում անհրաժեշտ բուժզննման, սպասարկման կամ վիրահատության իրավունքը սահմանափակված է։
«Չկա որևէ մի անձ այսօր քրեակատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզննման, սպասարկման, վիրահատության, որ ինչ-որ կերպ սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական և մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է»,- հայտարարեց նա։
***
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։
Civilnet











