Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների ձերբակալությունը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և նշում, որ այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների։
Հայտարարությունը ներկայացված է որպես առաջին մակարդակի հազանգ, ինչը նշանակում է, որ այն ընդգրկում է լրատվամիջոցների նկատմամբ ամենալուրջ խախտումներ։
Հայտարարության մեջ նշված է, որ, ըստ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR), խուլիգանության դրույթի կիրառումը շրջանցում է Հայաստանում վիրավորանքների ապաքրեականացումը և չի համապատասխանում խուլիգանության իրավական տարրերին, այդ թվում՝ «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի» պահանջին։
ACPR-ը նաև նշում է, որ լրագրողական բոլոր սարքավորումների բռնագրավումը կապ չունի նրանց դեմ առաջադրված մեղադրանքների հետ և խոչընդոտում է «AntiFake.am»-ի աշխատանքը։ Կազմակերպությունը վարույթը համարում է քաղաքական դրդապատճառներով և հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների։
Գործընկեր կազմակերպությունները խնդրում են Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանել խուլիգանության մեղադրանքների և գործում առկա ցանկացած ենթադրյալ «սպառնալիքի» իրավական հիմքը։ Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի օրինականությունն ու անհրաժեշտությունը՝ նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
***
Նոյեմբերի 13-ին դիմակավորված իրավապահները մտել են «AntiFake.am»-ի «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ ու ձերբակալել նրանց։ Դրան հաջորդել են խուզարկությունները «AntiFake»-ի գրասենյակում, որտեղից ամբողջ տեխնիկան առգրավվել է։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։
«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել են: Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Խուզարկության օրը ձերբակալվել է նաև լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։ Նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև «AntiFake.am»-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։
Civilnet











