Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը (Իման Արուս), բաց նամակով դիմել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի տիկին Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն։
Նա նշել է, որ դիմում է ոչ թե քաղաքական պահանջով, այլ որպես կին՝ կնոջը՝ խնդրելով հաշվի առնել մարդասիրական կողմը։ Նամակում Էուլջեքչյանի կինը պատմել է, որ ամուսնու անազատության մոտ 5 տարիների ընթացքում մահացել է Վիգենի մայրը, իսկ նա զրկված է եղել նրան հրաժեշտ տալու իրավունքից։
«Այժմ իմ մայրը՝ նրա զոքանչը, պայքարում է քաղցկեղի դեմ վերջին փուլում և օրեր են լինում, երբ միայն Վիգենի անունն է շշնջում։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր տղամարդիկ, որոնք իրենց ուսերին են կրում ընտանիքի հոգսը, նա տենչում է ոչ միայն ազատություն, այլև հնարավորություն՝ կատարելու իր պարտքը. հարգելու այն կնոջ ավանդը, որը կանգնել է մեր կողքին, մեծացրել մեր երեխաներին և ամուր պահել մեր ընտանիքը։ Առանց նրա մենք կորած ենք»,- նշել է Լինդա Էուլջեքչյանը։
«Թողեք նրան տուն գալ։ Թույլ տվեք նրան տեր կանգնել այն ամենին, ինչ մնացել է։ Թույլ տվեք նրան կրել այն կնոջ ժառանգությունը, ով գուցե չապրի մինչև նրա ազատությունը տեսնելը»,- գրել է նա։
Ավելի վաղ Լինդա Էուլջեքչյանը ահազանգել էր ամուսնու առողջական ծանր վիճակի մասին։ Վիգեն Էուլջեքչյանը տառապում է ուժեղ ցավերից, զրկված է բժշկական օգնությունից և նույնիսկ ինքնասպանության փորձ է արել։
Գերիների վիճակը վատթարացել է նաև Կարմիր խաչի կապի ընդհատման պատճառով, ինչը նրանց թողել է լիակատար մեկուսացման մեջ։ 2025-ի սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։
ՍիվիլՆեթի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ԿԽՄԿ-ի հեռանալուց հետո հայ գերիները մնում են լիակատար մեկուսացման և անորոշության մեջ, ինչը կտրուկ մեծացնում է նրանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ բժշկական օգնություն չցուցաբերելու ռիսկերը։ Սահակյանը նաև քննադատել էր ՀՀ իշխանություններին՝ պնդելով, որ այլընտրանքային մեխանիզմներ չեն գործարկվել գերիներին այցելելու համար, օրինակ՝ երրորդ երկրի հյուպատոսական ծառայության միջոցով։
ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր, որ ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։
Գևորգ Թոսունյան
Civilnet











