Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և արձանագրել, որ քրեակատարողականի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ թեև պետությունն այս առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն Պաշտպանի համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով: Ըստ Մանասյանի՝ դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, արձանագրել նրանց բարձրաձայնած հարցերը:
Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։
Civilnet











